


Ռուսական $200 մլն վարկի շրջանակներում Հայաստանին ռուսական զենքի մատակարարումների գործընթացը սկսված է: Այդ մասին մայիսի 21-ին լրագրողներին հայտնել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
ՙՄեր պայմանավորվածությունը գնում է առաջ, ըստ ծրագրի: Որևէ խնդիր չկա, ըստ պլանի գնում ենք՚,- ասել է Աբրահամյանը:
Նա նաև նշել է, որ այդ հարցը քննարկվել է ռուսաստանցի գործընկեր Դմիտրի Մեդվեդևի հետ, ով Երևան էր այցելել մայիսի 20-ին:
ՙՄենք միշտ առիթն օգտագործում ենք՚,- ասել է վարչապետը:
Արտոնյալ պայմաններով վարկի տրամադրման շուրջ 2015 թվականին ստորագրված համաձայնագիրը նախատեսում է, որ վարկի մարումը սկսվելու է 2018 թվականին և տևելու է 10 տարի` տարեկան 3% տոկոսադրույքով։ Իսկ կանխավճարը կկազմի 10%։ Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված 200 մլն դոլարի վարկային համաձայնագրի տեքստի համաձայն, հանրապետության ԶՈՒ ձեռք են բերել և ձեռք կբերեն 9Կ58 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ (ներառյալ համակարգի համար 9Մ351 կումուլյատիվ-բեկորային մարտական մասով հրթիռներ), Իգլա-Ս դյուրակիր ԶՀՀ (համապատասխան 9Մ342 հրթիռներով), ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետային համալիր (ներառյալ՝ արձակման կայան, տեղափոխման-լիցքավորման կայան, թերմոբարիկ հրթիռներ), Մ113Մ «Կոնկուրս» հակատանկային կառավարվող հրթիռներ՝ տանդեմային մարտական մասով, թռչող սարքերի պասիվ տեղորոշման «Ավտոբազա-Մ» համալիր, «Տիգր» զրահամեքենաներ, տանկային Վ-84 շարժիչ, հետևակի մարտական մեքենաների ՈՒՏԴ-20 շարժիչ (հզորությունը` 300 ձիաուժ), 1Ա40-1 տանկային նշանառման սարքավորում, ՌՊԳ-26 «Ագլեն» հակատանկային ռեակտիվ նռնականետ, ՍՎԴ 7,62մմ դիպուկահար հրացան, ինժեներական, ականների հայտնաբերման սարքավորումներ, կապի միջոցներ, ավտոտեխնիկա (այդ թվում՝ «ՈՒԱԶ» մակնիշի հրամանատարական և սանիտարական ու «ԿԱՄԱԶ» մակնիշի տարբեր նշանակության մեքենաներ):



