
Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև անցյալ շաբաթ կայացած հանդիպումը արդյունավետ էր՝ հստակ համաձայնություններով և հանձնառություններով, ներառյալ՝ 1994-1995թթ. զինադադարի համաձայնագրերի անվերապահ իրականացումը, հետաքննության մեխանիզմի ստեղծումը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացումը։ Այդ մասին Եվրոպական միության և Արևելյան գործընկերության արտգործնախարարների 7-րդ հանդիպմանն իր ելույթում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
ՙՑավոք, հանդիպումից ընդամենը օրեր անց ադրբեջանական պաշտոնյաները դրա արդյունքը կասկածի տակ դնող ապարդյուն փորձեր են կատարում` ներկայացնելով իրենց սեփական խեղաթյուրված մեկնաբանությունները, որոնք հակասում են հանդիպման արդյունքների վերաբերյալ համանախագահ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից արված համատեղ հայտարարությանը: Բաքուն շինծու մեղադրանքներով փորձում է շեղել միջազգային հանրության ուշադրությունը ադրբեջանական զինուժի կողմից գործած հանցագործություններից, Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարումների աղաղակող փաստերից։
Հայաստանը համանախագահ երկրների հետ միասին անելու է առավելագույնը` կյանքի կոչելու Վիեննայում ձեռք բերված համաձայնությունները և շարունակելու ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանն ուղղված ջանքերը՚,- ասել է Նալբանդյանը:
Հայաստանի արտաքին գործերի նախարարը նաև հիշեցրել է, որ
Ռիգայի գագաթաժողովը վերահաստատել է լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերին` հիմնված Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների կողմից 2009թ. ի վեր ընդունված հինգ հայտարարությունների վրա:
ՙՄեզնից շատերն են հիշում, թե ինչպես Ադրբեջանը փորձեց արգելափակել Ռիգայի գագաթաժողովի հռչակագրի ընդունումը, այս հայտարարություններին արվող հղման պատճառով։ Միայն այս փաստն արդեն իսկ բացահայտ ցույց է տալիս Ադրբեջանի վերաբերմունքը խաղաղ գործընթացի նկատմամբ և արհամարանքը՝ միջնորդ պետությունների՝ միջազգային հանրության անունից արված առաջարկությունների հանդեպ՚,- ասել է նա:
Մայիսի 16-ին Վիեննայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ընթացքում, որը նախաձեռնել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարները, քննարկվել են ԼՂ հակամարտության գոտում ապրիլի սկզբին զինադադարի կոպիտ խախտման հետևանքով ստեղծված լարված իրավիճակը և դրանից դուրս գալու ուղիները: Մասնավորապես, համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդել են 1994թ. զինադադարի և 1995թ. զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ: