
Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, ըստ էության, հաստատել է Մատաղիսի գնդի հրամանատար Հարություն Ամիրխանյանի պաշտոնանկության վերաբերյալ տեղեկատվությունը:
Այդ առնչությամբ Հովհաննիսյանն ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում, մասնավորապես, հայտարարել է. «Իմ ունեցած տեղեկությունների համաձայն, Ամիրխանյանն, իրոք, ազատվել է Մատաղիսի գնդի հրամանատարի պաշտոնից»: Ընդ որում նա ընդգծել է, որ Մատաղիսի գունդը գտնվում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ենթակայության ներքո, և այդ հարցերը ենթակա են նրա իրավասությանը:
Անդրադառնալով շրջանառվող այն լուրերին, թե ապրիլյան պատերազմի օրերին Ամիրխանյանը տարօրինակ ձևով ինչ-որ տեղ էր անհետացել և գնդում երևացել է Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր շտաբների ղեկավարների միջև Մոսկվայում ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունից հետո միայն, Հովհաննիսյանը նշել է. «Իմ տեղեկությունների համաձայն, ապրիլյան պատերազմի օրերին նա արձակուրդում է եղել»:
Պատասխանելով այն հարցին, թե իսկ ով է ղեկավարել գունդը ռազմական գործողությունների ժամանակ, Հովհաննիսյանը նշել է, որ, համաձայն կանոնադրության, հրամանատարի բացակայության դեպքում գնդի հրամանատարությունն ստանձնում է նրա տեղակալը: Ընդ որում Հովհաննիսյանը հրաժարվել է գնահատական տալ Մատաղիսի գնդի հրամկազմի գործողությունների արդյունավետությանն ապրիլյան պատերազմի օրերին: Նա նաև հերքել է ԶԼՄ-ներում շրջանառվող այն լուրերը, թե Ամիրխանյանը Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի սանիկն է:
ԼՂՀ պաշտպանության բանակից ավելի ստույգ տեղեկատվություն ստանալու ԱրմԻնֆո-ի փորձերը հաջողությամբ չեն պսակվել: ԼՂՀ ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը նաև գործակալության թղթակցին խորհուրդ է տվել նախքան իրեն զանգահարելը նայել Արցախի ՊՆ կայքը: Այնուհետև, ինքը հավաստիանալով, որ ԼՂՀ ՊՆ կայքում այդ մասին ոչ մի տեղեկատվություն չկա, հայտարարել է, որ եթե Ամիրխանյանի պաշտոնանկության մասին կայքում տեղեկատվություն չկա, ուրեմն դա ռազմական գաղտնիք է և հրապարակման ենթակա չէ:
Ի պատասխան ԱրմԻնֆո-ի այն դիտողությանը, որ ռազմական գործողությունների ընթացքում գնդներից մեկի հրամատարի տեղում չլինելու հարցը չի կարող չհետաքրքրել հասարակայնությանը, և այդ թեման չի կարող չլուսաբանվել, Հասրաթյանը խորհուրդ է տվել այդ դեպքում դիմել հենց Ամիրխանյանին: «Ինչու՟ ես պետք է պատասխանեմ նրա փոխարեն: Գրեք, որ ես այդ առնչությամբ մեկնաբանություն չունեմ», - հայտարարել է Հասրաթյանը:
Ապրիլյան պատերազմից հետո հայկական ԶԼՄ-ներում սկսել են շրջանառվել լուրեր այն մասին, որ Մատաղիսի գնդի հրամանատար Հարություն Ամիրխանյանը մարտական գործողությունների ժամանակ խորհրդավոր կերպով ինչ-որ տեղ է անհետացել և հայտնվել է Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր շտաբների ղեկավարների միջև Մոսկվայում ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունից հետո միայն: ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն, հետագայում Ամիրխանյանն իր բացակայությունը բացատրել է ոտքի կոտրվածքով և Ստեփանակերտի հիվանդանոցում բուժմամբ: Սակայն այդ տեղեկատվությունը չի հաստատվել: Այդուհանդերձ, ինչպես գրում են հայկական Զ ԼՄ-ները, Ամիրխանյանն առաջիկայում նշանակվելու է ավելի բարձր պաշտոնի:
Հիշեցնենք, որ ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմը Մատաղիսի ուղղությամբ զգալի կորուստներ է ունեցել: