ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը խոստացել է, որ հանձնաժողովը հետամուտ է լինելու ռազմարդյունաբերական ոլորտի խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներում: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունից, նա այդ մասին հայտարարել է Չարենցավան աշխատանքային այցի ընթացքում, որի նպատակը ռազմարդյունաբերական ոլորտի խնդիրներին ու հնարավորություններին տեղում ծանոթանալն էր:
Հանձնաժողովի անդամները նախ այցելել են Չարենցավանի հաստոցաշինական գործարան, որն զբաղվում է հայկական բանակի զրահատեխնիկայի եւ հրետանային համակարգերի նորոգմամբ եւ արդիականացմամբ: Հանձնաժողովականները ՀՀ ՊՆ ռազմատեխնիկական ծառայության պետ, գնդապետ Կամո Միրզոյանի եւ գործարանի տնօրեն Հովիկ Ղարախանյանի ուղեկցությամբ շրջել են գործարանի տարածքում, ծանոթացել արտադրամասերի աշխատանքային պայմաններին, տեխնիկական հագեցվածությանը, հետաքրքրվել օրենսդրական լուծում պահանջող խնդիրներով, ինժեներական անձնակազմի պատրաստվածությամբ: Ոլորտի պատասխանատուների հետ քննարկվել են գործարանի զարգացման հեռանկարները:
Նրանք եղել են նաեւ հաստոցաշինական գործարանի չափիչ գործիքների լաբորատորիայում, որն իրականացնում է որակի հսկման աշխատանքներ:
Այնուհետեւ խորհրդարանականներն այցելել են «Լյուբավա-Արմենիա» հայ-լեհական ռազմարդյունաբերական ձեռնարկություն, որը զբաղվում է արտադրական օբյեկտների արդիականացմամբ եւ նորոգմամբ, ինչպես նաեւ արտադրում է կեղծ թիրախներ, վրաններ, սաղավարտներ, զրահաբաճկոններ, քողարկող ցանցեր եւ ռազմական նշանակության այլ գույք: Այստեղ եւս ԱԺ պատգամավորները շրջել են տարածքում, ծանոթացել աշխատանքային պայմաններին, ուսումնասիրել պատրաստի արտադրանքի նմուշները: Տնօրեն Յարոսլավ Ռուխը մանրամասն ներկայացրել է իր ղեկավարած ձեռնարկության գործունեությունը եւ առաջիկա ծրագրերը:
Այցի ավարտին հանձնաժողովի անդամները եղել են «Պատնեշ» ընկերությունում եւ ծանոթացել արտադրամասերի տեխնիկական հագեցվածությանը եւ աշխատանքային պայմաններին: Նշենք, որ ընկերությունը զբաղվում է հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միջոցների նորոգմամբ, արդիականացմամբ եւ արտադրությամբ: