
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտի հերթական կողմնակալ հայտարարությունն այն մասին, որ ղարաբաղյան պրոբլեմին աջակցելու ուղղությամբ կանի իրենից կախված ամեն ինչ, կտրված է իրականությունից, քանի որ ԵԽԽՎ-ն չունի հակամարտության կարգավորմանը մասնակցելու մանդատ, ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում նշել է ԵԽԽՎ-ում Հայկական պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը:
Ըստ Ֆարմանյանի, նման անհեռտես հայտարարությունները ոչ մի կերպ չեն կարող նպաստել հակամարտության կարգավորմանը, այլ ճիշտ հակառակը. «Ագրամունտը հերթական անգամ ապացուցեց իր հասցեին հայկական պատվիրակության ուղղած մեղադրանքների օբյեկտիվությունը, ինչպես նաև կասկածի տակ դրեց ԵԽԽՎ հեղինակությունը: Ցավոք, սա առաջին դեպքը չէ, երբ, ի դեմս ԵԽԽՎ նախագահի, մենք գործ ենք ունենում մի մարդու հետ, որը, շահարկելով ղարաբաղյան հարցը, փորձում է լուծել իր անձնական պրոբլեմները, այլ ոչ թե կատարել զբաղեցրած պաշտոնից բխող իր պարտականությունները: Օրինակ, Ագրամունտը կարող էր քաղաքական շահարկումների փոխարեն, ելնելով իրեն պաշտոնապես ընձեռված հնարավորություններից, աջակցել կողմերի միջև վստահության բարձրացմանը, այլ ոչ թե անել հակառակը»,-հայտարարել է Ֆարմանյանը:
Նրա կարծիքով, Ագրամունտի գործողություններն ու հայտարարությունները, ավելի շուտ, հետապնդում են Բաքվին գոհացնելու նպատակ, այստեղից բխող բոլոր հետևանքներով, բայց նա, անկասկած, այն տրամաչափի քաղաքական գործիչը չէ, որպեսզի կարողանա ինչ-որ կերպ ազդել ղարաբաղյան կարգավորման վրա:
Այնուհետև պատգամավորն ընդգծել է, որ Ագրամունտի գործողություններն ու հայտարարությունները պետք է ազդանշան հանդիսանան ԵԽԽՎ և, մասնավորապես, Եվրոպական ժողովրդավարական կուսակցության քաղաքական խմբի անդամների համար, այդ կառույցի նախագահի պաշտոնում հունվարին նրա լիազորությունների հնարավոր երկարաձգման նպատակահարմարության առումով:
Նշենք, որ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակ Օկտայ Ասադովի հետ Սանկտ-Պետերբուրգում, ԱՊՀ երկրների միջկառավարական խորհրդի գագաթնաժողովի շրջանակներում կայացած հանդիպման ընթացքում Ագրամունտը հայտարարել էր, որ բոլոր հակամարտոթյունները, այդ թվում նաև ղարաբաղյանը, պետք է կարգավորվեն պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակներում: «ԵԽԽՎ և անձամբ իմ դիրքորոշումը կայանում է նրանում, որ ԼՂ հակամարտոթյունը, ինչպես նաև բոլոր հակամարտոթյունները, պետք է կարգավորվեն երկրների տարածքային ամբողջականության շրջանակներում»,-մասնավորապես, հայտարարել է նա, միաժամանակ դժգոհելով ԼՂՀ պրոբլեմի նկատմամբ իր դիրքորոշման կապակցությամբ ԵԽԽՎ հայկական պատվիրակության կողմից իր հասցեին ուղղված մեղադրանքների առնչությամբ: