


Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերն այսօր արձագանքել է Բաքվի հայտարարությանը, թե Վիեննայում Սարգսյան-Ալիև հանդիպման ընթացքում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի ընդլայնման վերաբերյալ համաձայնություն ձեռք չի բերվել:
Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտարարել է Քիսլերը, Վիեննայում Սարգսյան-Ալիև հանդիպման արդյունքների համաձայն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ հստակ նշվում է, որ կողմերը համաձայնության են եկել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման շուրջ: Ըստ որում, ընդգծել է դեսպանը, միջնորդների հայտարարության մեջ հստակ մատնանշվում է այն հանգամանքը, որ երկու կողմերն էլ համաձայնել են այդ առաջարկին, այդ պատճառով թե Բաքուն, թե Երևանը պետք է հավատարիմ մնան ձեռքբերված բոլոր պայմանավորվածությունների կատարմանը:
Գնահատելով ընդհանուր առմամբ Վիեննայի հանդիպումը՝ դեսպանն ընդգծել է, որ դա պարզապես հերթական հանդիպում չէր. դրա ընթացքում խիստ կարևոր արդյունքներ ձեռք բերվեցին: ՙԽոսքը, մասնավորապես, վերաբերում է 1994թ. զինադադարի և 1995թ. զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությանը, շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրմանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացմանը: Սրանք այն կետերն են, որոնց համար ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահությունը նույնպես իր ջանքերն է գործադրել և ամեն բան արել, որպեսզի դրանք իրականացվեն՚,-ընդգծել է Քիսլերը:



