

Գառնի գյուղի բնակիչները փակել են Գառնի-Երևան մայրուղի տանող գլխավոր ճանապարհը՝ պահանջելով դադարեցնել Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի, իրենց խոսքով, անօրինական կառուցումը, ինչը ենթադրում է Ազատ գետից խողովակաշարերով ջրի տեղափոխում Գառնիի երկու համայնք, որոնց հողերը, գյուղացիների խոսքով, պատկանում են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Գառնի գյուղի բնակիչ Արուսյակ Այվազյանը, այդպիսով իշխանավորները փորձում են լուծել սեփական վարելահողերի խնդիրը՝ ինչպես Գառնու կիրճի, այնպես էլ Ազատ գետի համար էկոլոգիական խնդիրներ ստեղծելու սպառնալիքով:
Նա նաև հայտնել է, որ բողոքի ակցիային միացել են նաև Գողթ գյուղի բնակիչները, ովքեր իրենց հերթին անհանգստացած են Գեղարդալճի ճակատագրով, որի ջրերը նույնպես արհեստական ոռոջման համակարգ կառուցելու միջոցով նախատեսվում է տեղափոխել հարևան համայնքներ, որի հողերը պատկանում են Վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանին: Այվազյանի խոսքով, նախագծի իրականացման դեպքում Գողթ համայնքը կզրկվի ջրից, բացի այդ, կխախտվի լճի էկոհամակարգը և վերջինիս նույնպես, ինչպես Ազատ գետի դեպքում, կսպառնա ճահճացում:
Այվազյանը հայտնել է, որ Գառնի և Գողթ համայնքների բնակիչների բողոքի ակցիան անժամկետ բնույթ կկրի: ՙՄենք մտադիր ենք փակել ճանապարհն
այնքան ժամանակ, մինչև իշխանությունները չեղարկեն Ազատ գետի և Գեղարդալճի վրա արհեստական ոռոգման համակարգերի կառուցման իրենց անօրինական որոշումը՚,- հայտարարել է նա: Նա նաև հայտարարել է, որ ՙանօրինականության՚ շարունակման դեպքում Գառնիի բնակիչներն ուղղակի կփակեն խողովակաշարը, որով խմելու ջուր է մատակարարվում Երևանի մի մասին:
Նշենք, որ Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման նախագիծն իրականացվում է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ:


