ԴԱՀԿԾ նախկին պետ Միհրան Պողոսյանը շվեյցարական ՙLGT՚ բանկում հաշիվներ չունի, ինչպես շրջանառվում է ԶԼՄ-ներում: Այդ մասին ասվում է Միհրան Պողոսյանի գրասենյակի հայտարարության մեջ:
ՙՄամուլում տարածված օֆշորային ընկերությունների և շվեյցարական բանկերում հաշիվների վերաբերյալ հրապարակումներին Միհրան Պողոսյանը իր հրաժարականի դիմումում խոստացել էր անդրադառնալ հրապարակավ՝ որպես շարքային քաղաքացի։ Այս ժամանակահատվածում Միհրան Պողոսյանի գրասենյակը ձեռնամուխ է եղել հրապարակման մեջ նշված ընկերությունների վերաբերյալ փաստաթղթերի հավաքագրման գործին։ Այսպես, օրինակ, մամուլում նշված էր, որ Միհրան Պողոսյանն ունի հաշիվներ շվեյցարական ‘‘LGT’’ բանկում։ Հարցում է ներկայացվել բանկ, որտեղից ի պատասխան հերքվել է թե՛ Միհրան Պողոսյանի, թե՛ վերջին հրապարակումներում իր անվան հետ կապվող Sigtem Real Estates Incorporated, Hopkinten Trading Incorporated, Bangio Invest S.A. ընկերությունների անունով որևէ հաշվեհամարի գոյություն:
Փաստվում է, որ բանկային հաշիվ չի բացվել, հետևաբար՝ չկա ֆինանսական շարժ, ուստի և՝ խոսք չի կարող լինել ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ։ Նշյալ փաստաթուղթը, մամուլի հրապարակումներում առկա հարցապնդումները հերքող մի շարք այլ փաստաթղթերի հետ տրամադրվել է պատկան մարմիններին։ Առաջիկայում կանդրադառնանք նաև Միհրան Պողոսյանի անվան հետ կապվող մի շարք այլ հարցապնդումներին և իրականությանը չհամապատասխանող հրապարակումներին՚,- նշված է հայտարարության մեջ:
Նշենք, որ ապրիլի 18-ին Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿԾ) պետ Միհրան Պողոսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել: «Հայկական եւ միջազգային մամուլում վերջերս պանամական օֆշորների մասին հրապարակումներում ի հայտ եկավ նաեւ իմ անունը։ Ցավում եմ, որ անունս արծարծվում է միլիարդավոր դոլարներ իրականում սեփականացրած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ընտանիքի կողքին։ Անընդունելի եմ համարում, որ իմ անձը պատճառ դառնա իմ երկրի եւ բռնապետական Ադրբեջանի միջեւ քաղաքակրթական որեւէ զուգահեռի, ինչի համար էլ այսօր իմ հրաժարականի դիմումն եմ ներկայացրել զբաղեցրածս պաշտոնից։Օֆշորային հրապարակումներին հրապարակավ կանդրադառնամ արդեն որպես շարքային քաղաքացի՝ առանց պետական լծակներ տիրապետելու՚, - նշել էր Մ.Պողոսյանն իր դիմումում:
Նշենք, որ ապրիլի 3-ին Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ICIJ) ու Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության ուսումնասիրության կենտրոնը (OCCRP) հրապարակել են օֆշորների համաշխարհային ցանցին նվիրված հետազոտություն: Խոսքը վերաբերում է շուրջ 11,5 մլն փաստաթղթին, որոնք բացահայտում են ՙստվերային տնտեսության՚ մասշտաբները, որին մասնակցում են համաշխարհային հայտնի քաղաքական գործիչներ ու գործարարներ: Ըստ այդ փաստաթղթերի՝ Միհրան Պողոսանը Պանամայում գրանցված երեք ընկերությունների՝ «Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթիդ՚ (Sigtem Real Estates Incorporated), «Հոփքինթեն թրեյդինգ ինքորփորեյթինգ՚ (Hopkinten Trading Incorporated),«Բանջիո ինվեստ՚ (BANGIO INVEST S.A.),
բաժնետեր է: Այնտեղ գրանցված ընկերությունների միջոցով նա զբաղվում է բիզնեսով՝ թաքցնելով ստացվող եկամուտները: