
Բաքուն Արցախի նկատմամբ ապրիլյան պատերազմի թույլտվություն ստացավ՝ ՙվերցրու ինչ կարող եք, քո պարտությունն ամեն դեպքում մենք թույլ չենք տա՚ սկզբունքով, մայիսի 19-ին Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում «Լեռնային Ղարաբաղում ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակի քաղաքական առանձնահատկությունները՚ թեմայով սեմինար-քննարկման ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը:
ՙԻհարկե, Ադրբեջանի տարածքային ձեռքբերումներն մեծ չէին, սակայն պատերազմի քաղաքական հետևանքները հսկայական նշանակություն ունեն: Փաստացի բանակցային գործընթացն այսօր ընթանում է արցախյան տարածքների հանձնման ուղղությամբ՝ Ադրբեջանի զավթած տարածքների նկատմամբ հայկական կողմի որևէ պահանջի բացակայության պայմաններում՚,- ընդգծել է նա:
Վերլուծաբանն անթույլատրելի է համարել Սերժ Սարգսյանի կողմից Արցախի սահմանադրությամբ ամրագրված տարածքները ՙանվտանգության գոտի՚ դիտարկելը: Նրա խոսքով, այդպիսով Հայաստանի իշխանությունները դուռ են բացել Ադրբեջանին տարածքներ հանձնելու համար:
Մեկնաբանելով Վիեննայի պայմանավորվածությունները՝ Մելիքյանը բնորոշել է դրանք որպես Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի արդյունքներն ամրագրող: Նրա կարծիքով, Վիեննայում համանախագահների հիշատակած՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրմանն ուղղված քայլերից ակնկալիքներ ունենալ չենք կարող:
Մայիսի 16-ին Վիեննայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ընթացքում, որը նախաձեռնել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարները, քննարկվել են ԼՂ հակամարտության գոտում ապրիլի սկզբին զինադադարի կոպիտ խախտման հետևանքով ստեղծված լարված իրավիճակը և դրանից դուրս գալու ուղիները: Մասնավորապես, համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդել են 1994թ. զինադադարի և 1995թ. զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ: