
Ամերիկյան ձեռնարկությունները պետք է առանց կոռուպցիոն տարրերի հաջող կառավարման օրինակ ծառայեն Հայաստանի համար, մայիսի 18-ին Երևանում հայ-ամերիկյան բիզնես համաժողովի ընթացքում այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:
ՙԵս կրկնում եմ՝ ասելով, որ Հայաստանում կա կոռուպցիա: Հետևաբար՝ ամերիկացի գործարարները պետք է նկատի ուենան դա՚,- ասել է դեսպանը՝ ավելացնելով, որ շուկայի մասնակիցների համար խաղի հավասար պայմաններ ապահովելու համար կոռուպցիայի դեմ պայքարում անհրաժեշտ է համատեղ աշխատանք, մասնավորապես՝ ԶԼՄ-ների, հասարակության և մասնավոր հատվածի ներկայացուցիչների ներգրավմամբ:
Համաժողովին մասնակցելու համար Երևան էին ժամանել տեղեկատվական տեխնոլոգիաների, ճարտարագիտության, էներգետիկայի, սպառողական ապրանքների, արտադրական և քիմիական արդյունաբերության ոլորտի տասնյակ ամերիկյան կորպորացիաների ներկայացուցիչներ, ինչը հայ գործարարներին հնարավորություն է տվել ծանոթանալու հայտնի ամերիկյան ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնք հետաքրքրված են և ցանկանում են մուտք գործել ու ընդլայնել իրենց ներկայությունը հայաստանյան շուկայում:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն իր հերթին որպես հիմնական խնդիր նշել է տնտեսական աճի դիվերսիֆիկացիան և տնտեսության հավանական մրցունակ ոլորտների բացահայտումը: Անդրադառնալով ներդրումային մթնոլորտի բարելացման հարցին՝ նախարարը նշել է մոտեցումների վերանայման և համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը: Այս առումով գերատեսչության ղեկավարը կոչ է արել միավորվել կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարում՝ ԱՄՆ դեսապանության և միջազգային ֆինանսական կառույցների աջակցության հույս հայտնելով:
Նշենք, որ մեկօրյա բիզնես համաժողովը կազմակերպվել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան, Հայ-ամերիկյան առևտրային պալատի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Կոնվերս բանկի կողմից՝ ներկայացնելու ամերիկյան գործարարների համար Հայաստանում առկա ներդրումային հնարավորությունները: Համաժողովի շրջանակում զեկուցումներով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ պետական այլ կառույցների, ՀՀ կենտրոնական բանկի, ՀՀ ֆոնդային բորսայի, ՎԶԵԲ-ի, ԱՄՀ-ի և Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչները: