

ԵԱՀԿ Մինսկի խումբը ոգեշնչված է Ադրբեջանի և Հայաստանի նախագահների Վիեննայի հանդիպման արդյունքներից: Ըստ «Թրենդի»` այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Մենք չափազանց ոգեշնչված ենք երեկվա հանդիպման արդյունքներից: Երկու նախագահները պարտավորվել են պահպանել հրադադարի ռեժիմը, ակտիվացնել վստահության ամրապնդման կարևոր միջոցները և հաջորդ ամիս սկսել բանակցություններ, ինչը կարող է հանգեցնել համապարփակ կարգավորման», - ասել է Ուորլիքը: Նրա ասելով, նախագահները քաղաքական կամք են դրսևորել ստատուս-քվոյի շրջանակից դուրս գալու և այնպիսի միջոցներ ձեռնարկելու համար, որոնք կարող են օգուտ բերել տարածաշրջանի բնակչությանը: «ԱՄՆ և ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պատրաստ են ցանկացած անհրաժեշտ աջակցություն տրամադրել այդ գործում», - ասել է Ուորլիքը:



