
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները Վիեննայի հանդիպման արդյունքներին նվիրված համատեղ հայտարարությունում պարտավորվել են պահպանել հրադադարի ռեժիմը, վստահության հաստատման ուղղությամբ կարեւոր միջոցառումներ իրականացնել, ինչպես նաեւ եկող ամիս վերսկսել բանակցությունները, որնոք կարող են հանգեցնել հակամարտության համապարփակ լուծմանը: Մայիսի 17-ի ճեպազրույցում այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպատամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
«Մենք դա համարում ենք դրական երևույթ», - նշել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացւոցիչը: Միևնույն ժամանակ, պարասխանելով այն հարցին, թե արդյոք ճիշտ է, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը դեռ մինչև Վիեննայի հանդիպումը համաձայնել էին հակամարտ զորքերի շփման գծի երկայնքով կրակի արձակման վայրը ֆիքսող համակարգերի տեղադրմանը, մինչդեռ Ադրբեջանը մերժել էր այդ առաջարկը, Քիրբին հայտարարել է, թե կարող միայն ասել` ինչ են քննարկել երկու նախագահները մայիսի 16-ի հանդիպմանը և հանդիպման արդյունքում երկու երկրների ղեկավաների ստանձնած պարտավորությունները: «Ես կարծում եմ, որ դա արդեն ամեն ինչ ասում է», - ամփոփել է նա:
Մայիսի 16-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրի մասնակցությամբ տեղի ունեցած քննարկմանը:
Քննարկվել են ԼՂ հակամարտության գոտում ս.թ. ապրիլի սկզբին զինադադարի կոպիտ խախտման հետևանքով ստեղծված լարված իրավիճակը և դրանից դուրս գալու ուղիները: Համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդել են 1994թ. զինադադարի և 1995թ. զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ: