
Վիեննայի հանդիպմանը հայկական կողմը խնդրողի վիճակում չի եղել: Այս մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` Վիեննայից վերադառնալու ճանապարհին օդանավում հայկական հեռուստաալիքների ներկայացուցիչների հետ հարցազրույցում:
Նրա ասելով, հանդիպման բոլոր մասնակիցներն իրենց նպատակներն ունեին: Հայկական կողմի նպատակն էր պարզել, թե արդյոք բանակցությունները փակուղի են մտել, արդյոք կա հակամարտությունը խաղաղ ճանապարհով և ոչ մեծ կորուստերով լուծելու հնարավորություն: Այդ համատեքստում Սարգսյանն ու իր գործընկերները գոհ են հանդիպման արդյունքից:
«Հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահը հավաստիաիցրեց, որ ինքը և իր երկիրը ռազմական գործողությունների միջոցով խնդիրը կարգավորելու նպատակ չունեն: Սակայն մենք լավ ենք հասկանում, որ այդ հավաստիացումները քիչ վստահություն են ներշնչում, քանի որ նման խոսակցություններ բազմիցս են եղել, սակայն իրականում այդ պայմանավորվածությունները չեն պահպանվել», - նշել է նախագահը: Սարգսյանը ճիշտ չի համարում ղեկավարվել ենթադրություններով և կանխատեսումներով, քանի որ պատերազմը հակամարտության լավագույն լուծումը չէ:
«Համապատասխանաբար, կտեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, ամեն դեպքում, մենք պատրաստ ենք ցանկացած արդյունքի, իհարկե, մենք ցանկանում ենք խաղաղ կարգավորում` բանակցությունների միջոցով, սակայն եթե Ադրբեջանը խախտի ռեժիմը և իր խոստումը, ապա մենք այլ ելք չենք ունենա, բացի համարժեք պատասխանից», - նշել է նա: Ընդ որում Սարգսյանը չի ակնկալում միջադեպերի լիակատար դադարեցում` հանդիպումից անմիջապես հետո, սակայն ակնկալում է դրանց կրճատում:
«Վիեննայում մենք զարգացրեցինք միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ստեղծելու, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի լիազորությունների ընդլայնման և մոնիթորինգների անցկացման մասին միջնորդների առաջարկությունը: Մենք չենք խոսել բանակցությունների մասին, միայն` ապագայում հանդիպման մասին: Ես առաջարկել եմ, որպեսզի այն տեղի ունենա մոնիթորինգի համակարգի հաստատումից հետո: Ադրբեջանի նախագահը չի առարկել», - նշել է նախագահը:
Միևնույն ժամանակ, Սարգսյանը նշել է, որ Ալիևի հետ նախորդ 20 հանդիպումների ընթացքում բազմաթիվ բաների մասին են պայմանավորվել, բայց Ադրբեջանի նախագահը, վերադառնալով Բաքու, բոլորովին այլ հայտարարություններ է արել: Նախագահն ընդգծել է այն բանի կարևորությունը, որպեսզի համանախագահները հասկանան, որ հայկական կողմը չի ձգտում ստատուս-քվոյի պահպանման, ձգտելով հակամարտության խաղաղ կարգավորման, որի առաջին քայլը կդառնա մոնիթորինգի ինստիտուտի արագ ձևավորումը:
«Կարծում եմ, սեղմ ժամկետում կընդլայնվեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հնարավորույթունները: Բոլորը կգիտակցեն, որ փոխադարձ մեղադրանքները մեր ընդհանուր գործին չեն օգնում։ Մեզ անհրաժեշտ են հստակ ապացույցներ, և մենք շահեկան դիրքում կլինենք, որովհետեւ մենք չենք խախտում հրադադարի ռեժիմը, քանի որ դա մեզ պետք չի», - ընդգծել է Սերժ Սարգսյանը: