
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունում ներառված են այն պայմանները, որոնց մասին ապրիլի սկզբին ասել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Այդ մասին մայիսի 17-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա նշել է, թե միջնորդների համատեղ հայտարարությունում ասվում է, որ 1994 թվականի հրադադարի շուրջ եռակողմ համաձայնագիրը գործում է, և դրա նկատմամբ այլընտրանք չկա: Նա հիշեցրել է, որ այդ փաստաթղթի ներքո դրված է նաև Լեռնային Ղարաբաղի ստորագրությունը, և, հետևաբար, երբ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հայտարարություն են տարածում 1994-1995թթ. համաձայնագրերի անշեղորեն կատարման անհրաժեշտության մասին, ապա Արցախը նույնպես անուղղակիորեն հիշատակվում է: Եվ առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության ոչ ոք այդ խնդիրը չի կարող լուծել», - հայտարարել է Շարմազանովը:
Ընդ որում փոխխոսնակը համոզված է, որ 1994 թվականի համաձայնագրի տրամաբանությունը պետք է պահպանվի, և ոչ մի այլ սկզբունք չի կարող կիրառվել, իսկ դա նշանակում է, որ 1994-1995թթ. հրադադարի և հրադադարի ռեժիմի ամրապնդման շուրջ համաձայնագգրերի անվավերության հայտարարման Բաքվի փորձը ձախողվեց:
Շարմազանովը նաև համոզված է, որ Վիեննայի հանդիպումը թույլ է տվել հաջողության հասնել միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման հարցում, որոնք երկար տարիներ շարունակ պաշտոնական Բաքուն մերժում էր` թեև Երևանն ու Սետփանակերտը կողմ էին արտահայտվում այդ նախաձեռնությանը:
«Ադրբեջանը հայտարարում էր միայն «հայկական զորքերի դուրս բերումից հետո» այդ մեխանիզմները կիրառելու պատրաստակամության մասին: Սակայն, ինչպես տեսնում ենք, այստեղ էլ Բաքվի փորձերը ձախողվեցին, բայց, փոխարենը, ընդունվեց այդ մեխանիզմների պարտադիր կիրառման մասին Հայաստանի ղեկավարի առաջարկությունը: Նաև վերստին ընդգծվել է հավատարմությունը հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը, ինչը խոսում է այն մասին, որ հակամարտության կարգավորման նկատմամբ Երևանի դիրքորոշումը համահունչ է Մոսկվայի, Փարիզի և Վաշինգտոնի դիրքրոոշումներին: Այդ մասին վկայում է նաև այն փաստը, որ Սարգսյանի առաջարկություններն արտացոլված էին Մինսկի միջնորդների հայտարարությունում», - կարծում է ԱԺ փոխխոսնակը:
Նա նաև հիշեցրել է, որ ապրիլի սկզբին Հայաստանի նախագահը նշել էր հաշտության բանակցային գործընթացի վերսկսման պայմանները, և երեկ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները հայտարարեցին Երևանի հետ համերաշխության մասին: Նա նաև դժվարացել է ասել, թե արդյոք Լեռնային Ղարաբաղը կմասնակցի հակամարտության կարգավորմանը նպատակաուղղված հաջորդ հանդիպմանը (նախատեսվում է հունիսին – խմբ.):
«Այն, որ Լեռնային Ղարաբաղը պետք է դառնա բանակցությունների մասնակից, նորություն չէ, և դա առաջնային սկզբունքներից մեկն է: Սակայն Վիեննայի երեկվա հանդիպումը նպատակաուղղված էր հրադադարի ռեժիմի պահպանմանը: Թե ինչ կլինի հետո, դժվար է ասել, պետք է սպասել», - ամփոփել է Շարմազանովը:
Ինչպես հաղորդվել է, մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրի մասնակցությամբ տեղի ունեցած քննարկմանը: Հանդիպմանը մասնակցել են երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը, դեսպաններ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Քննարկվել են ԼՂ հակամարտության գոտում ապրիլի սկզբին զինադադարի կոպիտ խախտման հետևանքով ստեղծված լարված իրավիճակը և դրանից դուրս գալու ուղիները: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հանդիպման արդյունքներին նվիրված հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է. «Հանդիպման ընթացքում վերահաստատվել է, որ հակամարտության կարգավորման ռազմական ճանապարհ չկա: Համանախագահները պնդել են 1994 եւ 1995թթ. հրադադարի հաստատման և դրա ամրապնդման շուրջ համաձայնագրերի կատարումը։ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերահաստատել են իրենց հավատարմությունը հադադարի ռեժիմի պահպանմանը և հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Հետագա բռնությունների ռիսկը նվազեցնելու համար երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են շուտափույթ ավարտել միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման աշխատանքները։ Նախագահները նաեւ պայմանավորվել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի մանդատի ընդլայնման շուրջ։ Եվ, վերջապես, նրանք պայմանավորվել են շարունակել անհետ կորածների մասին տվյալների փոխանակումը` Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո», - ասվում է ԵԱՀԿ հաղորդագրությունում: Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են նաև հանդիպման հաջորդ փուլի շուրջ` համընդգրկուն կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման համար, որը պետք է կայանա հունիսին` փոխհամաձայնությամբ: