
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե պետք չէ փորձել նյուանսներ փնտրել Ադրբեջանին զենքի մատակարարումներում, քանի որ Ռուսաստանն այլ երկրների հետ ռազմատեխնիկական համագործակցություն է վարում հստակ միջազգային-իրավական հիմունքով: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», նա այդ մասին հայտարարել է` պատասխանելով Ադրբեջանին սպառազինությունների մատակարարմանն ու դրա շարունակմանն առնչվող հարցին:
Զախարովան ընդսմին նշել է, թե Ռուսաստանը շատ լավ հասկանում է Լեռնային Ղարաբաղի իրավիճակի բարդությունը, և թե իրականում ինչպիսի եղանակներ կարող են հանգեցնել իրավիճակի մեղմմանը: Նրա համոզմամբ, այդ եղանակների թվին են դասվում, առաջին հերթին, քաղաքական-դիվանագիտական կարգավորման միջոցները:
2015 թվականի սկզբին հայտնի էր դարձել, որ Ռուսաստանը ավարտում է Ադրբեջանին Տ-90Ս տանկերի մատակարարումները։ Ավելի վաղ «Ռոսոբորոնէքսպորտը՚ հայտնել էր, որ 2017 թվականին ՌԴ-ն կավարտի սպառազինությունների և տեխնիկայի խոշոր խմբաքանակի մատակարարումները՝ 2010 թ. կնքված համաձայնագրերի համաձայն:
ԶԼՄ-ների տվյալներով, խոսքն այդ թվում երեք գումարտակ Տ-90Ս տանկերի և երեք գումարտակ ՀՄՄ-3 մեքենաների, ինքնագնաց հրետանու, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի և ծանր կրականետային համակարգերի մասին է։ Բացի այդ, Ադրբեջանը գնել է նաև վերանորոգման, տարհանման և ինժեներական մեքենաներ:
Տանկերը գնվում են տվյալ պահին առավել առաջադեմ սերիական համակարգով, որը ներառում է «Շտորա՚ օպտիկա-էլեկտրոնային ճնշման համակարգի նոր մոդիֆիկացիաներ, օդորակիչ և թիրախին նշանառության ավտոմատ համակարգ:
Փորձագետները նշել են, որ պայմանագրերի այդ փաթեթի արժեքը կազմել է մինչև
1 մլրդ դոլար։ Բաց աղբյուրների տվյալներով, 2010 թվականին պայմանագիր է կնքվել Ադրբեջանին Մի-35Մ 24 ուղղաթիռ մատակարարելու մասին։
Մինչդեռ Բեռլինում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հերթական անգամ դժգոհություն էր հայտնել Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի առնչությամբ, ընդգծելով, որ, այնուամենայնիվ, Երևանն այդ գործընթացի վրա ազդելու քիչ հնարավորություններ ունի: ՙՌուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, բայց մենք բացահայտ ասում ենք, որ դեմ ենք Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն՚,- ընդգծել էր Սարգսյանը: