Երևանը հանդես կգա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Մինսկի միջնորդների կողմից առաջարկվող հանդիպման առնչությամբ հայտարարությամբ: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Անդրադառնալով միջնորդների հայտարարությանը՝ Շարմազանովն ընդգծել է, որ համանախագահների հայտարարության բառապաշարն ընդհանուր առմամբ համահունչ է բանակցային գործընթացի հետագա ճակատագրի առնչությամբ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջ քաշած դրույթներին: ՙՄինսկի միջնորդներն իրենց հայտարարությունում ընդգծել են, որ հիմնական շեշտը դրվելու է հրադադարի ռեժիմի պահպանման ամրապնդման և վստահություն սերմանող միջոցների շուրջ համաձայնության ձեռք բերման վրա: Ավելի վաղ ՀՀ նախագահն ընդգծել էր հակամարտության գոտում վստահության միջոցների ստեղծման և հրադադարի ռեժիմի ամրապնդման անհրաժեշտությունը՝ Բաքվի հետագա ագրեսիան բացառելու և բանակցությունների շարունակելու նպատակով՚,- ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:
Ըստ որում, նա ընդգծել է, որ քաղաքական դաշտում որոշ սկեպտիկների կանխատեսումները, որ Երևանի առաջ քաշած դրույթները, որոնք անհրաժեշտ են բանակցությունների շարունակման համար, կարող են որպես նախապայմաններ դիտարկվել միջնորդների և միջազգային հանրության կողմից և հանգեցնել հայկական կողմի նկատմամբ դիրքորոշման խստացման, չիրականացան: ՙԻնչպես տեսնում ենք, թե Մինսկի միջնորդները, թե միջազգային հանրությունը համարժեք վերաբերվեցին ՀՀ նախագահի հայտարարությանը, քանի որ այն համահունչ էր համանախագահների կողմից ավելի վաղ հրապարակված առաջարկներին: Չէ որ բանակցային գործընթացի շարունակման համար անհրաժեշտ է իրականացնել հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված քայլեր: Դա գիտակցում են բոլորը, դա արտացոլված էր նաև Մինսկի միջնորդների այսօրվա հայտարարության մեջ, այդ մասին բազմիցս հայտարարել է նաև հայկական կողմը՚,- ասել է Շարմազանովը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) եւ Պիեռ Էնդրյուն (Ֆրանսիա) հանդես են եկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հերթական հայտարարությամբ:
Հայտարարությունում համանախագահները, մասնավորապես, ընդգծել են, որ լիովին հավատարիմ են մնում ղարաբաղյան հակամարտության արմատական կարգավորմանը նպատակաուղղված միջնորդական առաքելությանը: «Ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին էսկալալցիայի և շփման գծի երկայնքով լարվածությունը թուլացնելու խիստ անհրաժեշտության լույսի ներքո մենք կարծում ենք, որ եկել է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակը: Միջնորդ երկրների արտգործնախարարները մտադիր են նպաստել այդ հանդիպմանը հաջորդ շաբաթ Վիեննայում: Նրանց ջանքերը նպատակաուղղված կլինեն հրադադարի ռեժիմի պահպանման ամրապնդմանը և վստահություն սերմանող միջոցների շուրջ համաձայնության ձեռք բերմանը, ինչը բարենպաստ մթնոլորտ կստեղծի բանակցությունների վերսկսման համար` քննարկվող հիմնարար տարրերի և սկզբունքների վրա հիմնված համապարփակ կարգավորման հասնելու նպատակով՚, - ասվում է հայտարարությունում:
Միջնորդները նաև ընդգծել են, որ հնարավոր չի բանակցություններում հաջողության հասնել, եթե բռնությունը շարունակվի, և, միևնույն ժամանակ, տարածաշրջանում չի կարող լինել խաղաղություն` առանց բանակցությունների: «Մենք վերստին կրկնում ենք, որ հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ՚, - ամփոփել են միջնորդները:
Հիշեցնենք, որ ղարաբաղյան հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից նախաձեռնված ապրիլյան պատերազմից հետո Երևանի և Բաքվի միջև բանակցությունները դադարել են: Հայկական կողմը հայտարարել է, որ բանակցությունները կարող են վերսկսվել Ադրբեջանի կողմից հետագա ռազմական ագրեսիայի բացառման երաշխիքների ապահովման, սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման և միջազգային հանրության` հակամարտող կողմերին ուղղված հասցեական հայտարարությունների դեպքում: