ՎիվաՍել-ՄՏՍ-ը 10 համակարգիչ է տրամադրել Հայաստանի հյուսիսարևելյան վահան հանդիսացող Վահան գյուղի միջնակարգ դպրոցին՝ ժամանակակից մեթոդներով ուսումնական գործընթացը կազմակերպելու նպատակով: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից, ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ, երկու տարի առաջ դպրոցն ապահովվել է նաև գերարագ ինտերնետ կապով: Անվճար հիմունքներով էլ տրամադրվել է 3G Wi-Fi երթուղիչ: Այժմ, ստեղծված նոր հնարավորություններից կօգտվի 155 աշակերտ:
Գեղարքունիքի մարզի Վահան գյուղը, Ադրբեջանի հետ 28 կմ երկարությամբ սահման ունի: Տարածքի սահմանամերձ լինելու հանգամանքը վահանցիներին ստիպում է միշտ սթափ լինել և հակառակորդի տեսադաշտում ապրել զգոն սահմանապահի կարգավիճակով: Հերոսական պատմությամբ համայնքը դեռևս 2008 թվականից գտնվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում: Ընկերությունն աջակցել է գյուղի գազատարի կառուցման հարցում:
Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն առաջնորդվում է բիզնես շահն ու պատասխանատվությունը չտարանջատելու սկզբունքով: Անցած երկու տարիների ընթացքում, գործընկեր կառույցի՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հետ համատեղ, նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարևոր ևս երկու ծրագիր է իրականացրել Վահանում: Գյուղում տեղադրվել է արտաքին լուսավորության լուսադիոդային (LED) համակարգ, լուսավորվել է 1100մ երկարությամբ տարածք: Այդ համակարգի կիրառումը կարևոր է ոչ միայն բնապահպանական, այլև էներգախնայողության տեսանկյունից. գյուղում 80%-ով կրճատվել է էներգիայի ծախսը: Այդ սկզբունքով շահագործված արևային ջրատաքացուցիչների շնորհիվ, զգալի չափով թեթևացել է նաև մանկապարտեզի հոգսը. 60%-ով էլ նվազել են գազի սպառումն ու ջեռուցման ծախսերը: ՎիվաՍել-ՄՏՍ-ում ամրագրված արժեքային համակարգին հավատարիմ, վահանցիներին աջակցությամբ իրենց մարդասիրությունն են փաստել նաև ընկերության Հաշվապահության և ֆինանսների վարչության աշխատակիցները. անձնական ներդրման արդյունքում հավաքված շուրջ 2մլն դրամով, դպրոցի շենքում կառուցվել է սան հանգույց: Արդեն հաստատված բյուջեի շրջանակներում, ՎիվաՍել-ՄՏՍ-ը գյուղում ծրագիր է իրականացնելու նաև 2016-ին:
Ի դեպ, որպես պատասխանատվության դրսևորում, Ռալֆ Յիրիկյանը կամավորության սկզբունքով, իր անձնական նախաձեռնությամբ և ֆինանսական միջոցներով, 10 համակարգիչ էլ տրամադրել է Լոռու մարզի Չկալով գյուղի դպրոցին:
Նշենք, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: