Լեռնային Ղարաբաղում մայիսի 9-ը՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի բանակի ստեղծման օրը, կնշեն առանց հատուկ հանդիսավորության, քանի որ դեռ 40 օր չի անցել ղարաբաղա-ադրբեջանական սահմանում քառօրյա պատերազմում զոհված հերոսների մահվան օրից: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:
ՙՍովորաբար մայիսի 9-ը մենք նշում ենք մեծ շուքով, բայց այս տարի միջոցառումները կլինեն առանց համերգների և հրավառության: Ապրիլյան ագրեսիայի ժամանակ մեր զինվորները, սպաները հերոսաբար իրենց կյանքը զոհեցին՝ պաշտպանելով հայրենիքը, և քանի որ դեռ 40 օր չի անցել, մենք կանցկացնենք միայն շքերթ, որին ներկա կգտնվեն բարձրաստիճան անձինք Հայաստանից, Սփյուռքից, ինչպես նաև նախատեսվում է օտարերկրյա հյուրերի այցը՚,- նշել է Բաբայանը:
Նշենք, որ ԱրմԻնֆո-ի տեղեկությունների համաձայն, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով ավանդաբար մասնակցում է Ստեփանակերտում անցկացվող շքերթին, այս տարի ներկա չի գտնվի այնտեղ: Հայտնի չէ նաև, թե Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից ով կմեկնի Լեռնային Ղարաբաղ՝ մասնակցելու շքերթին: