Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասին օրինագիծը Հայաստանի խորհրդարանում չի քննարկվի ոչ մայիսի 10-ին կայանալիք արտահերթ նիստում, ոչ առաջիկա քառօրյայի ժամանակ: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով, օրինագիծը պետք է սկզբում քննարկվի ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից՝ խորհրդարան մտնելուց հետո 30 օրվա ընթացքում: ՙԱյնուհետև հանձնաժողովը պետք է եզրակացություն տա փաստաթղթին՝ դրական կամ բացասական, իսկ հետո որոշի, թե երբ այն կմտնի խորհրդարանի օրակարգ՚,- բացատրել է Շարմազանովը:
Նա ընդգծել է, որ այսօրվա դրությամբ, ինչպես արդեն հայտարարվել է ՀՀ նախագահի աշխատակազմի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչների կողմից, նման փաստաթղթի ընդունման անհրաժեշտություն չկա: ՙՆման անհրաժեշտություն կառաջանա միայն այն ժամանակ, երբ սպառվեն բանակցային ճանապարհով խնդրի լուծման բոլոր ուղիները, և Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի շարունակման դեպքում: Այսօր, կարծում եմ, այդ հնարավորությունը սպառված չէ, միջազգային ճնշման ներքո Ադրբեջանը չի համարձակվի կրկին լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի գնալ՚,- նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահը՝ ավելացնելով, որ հիշյալ օրինագիծն այն եզակի փաստաթղթերից է, որը պետք է ընդունվի միաձայն, և այդ հարցում շտապել չի կարելի:
Անդրադառնալով ընդհանուր առմամբ ղարաբաղյան հակամարտության լուծման ուղիներին և Արցախի միջազգային ճանաչման դեպքում ԼՂՀ շրջակա տարածքները վերադարձնելու վերաբերյալ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հայտարարություններին՝ Շարմազանովը նշել է, որ այդ հարցում ոչինչ չի փոխվել. ՙՄենք միշտ տարբեր մակարդակներով հայտարարել ենք, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ բանակցությունների ճանապարհով՝ փոխզիջումների և Հելսինկյան երեք սկզբունքների՝ ազգերի ինքնորոշման իրավունքի, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման հիման վրա: Չեմ կարծում, թե սա այն դեպքն է, երբ պետք է փոթորիկ սարքել մեկ բաժակ ջրում՚: