

ԼՂՀ Պաշտպանության բանակում հիմարություն են անվանում ՙցանկացած պահի՚ ռազմական գործողութուններ սկսելու վերաբերյալ Ադրբեջանի ՊՆ հայտարարությունները՝ չցանկանալով մեկնաբանել այն: Ադրբեջանի ՊՆ հիշյալ հայտարարությունը մեկնաբանելու ԱրմԻնֆո-ի թղթակցի խնդրանքին ի պատասխան՝ հայտարարել է ԼՂՀ ՊՆ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը: ՀՀ ՊՆ-ից մեկնաբանություններ ստանալ նույնպես ԱրմԻնֆո-ին չի հաջողվել:
Մինչդեռ ադրբեջանական բանակի կողմից մայիսի 8-9-ը ծրագրվող հարձակման վերաբերյալ հայկական ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերի առնչությամբ Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է. ՙՔանի դեռ Հայաստանը չի կատարել օկուպացված տարածքներն ազատելու վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի պահանջները, Ադրբեջանի զինված ուժերը կարող են ցանկացած պահի հարձակում սկսել՝ երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու նպատակով՚:
Ռազմական գերատեսչությունում նշել են, որ Ադրբեջանի զինված ուժերի հարձակումն անխուսափելի է, ՙքանի դեռ Հայաստանի կրիմինալ ռեժիմը չի կատարել Ադրբեջանի օկուպացված տարածքներից հայկական զինված ստորաբաժանումների անհապաղ դուրս բերման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը՚: ՙՀայերն ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան պետք է սպասեն մեր հողերի ազատագրմանը և մեր երկրի տարածքային ամբողջականության լիակատար ապահովմանը: Եթե հայերը չեն ցանկանում ապրել տագնապի և վախի մեջ, սպասելով մահվան, թող լքեն ադրբեջանական հողերը՚,- ասվում է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ:



