Հայաստանի տարբեր, այդ թվում ուժային գերատեսչությունների պաշտոնյաներն իրենց առանց այդ էլ պատկառելի անձնական եկամուտներն էապես համալրում են ծառայողական ավտոմեքենաների «թափով պպտեցվող» կիլոմետրաժի շնորհիվ:
Հայաստանի ուժային գերատեսչություններից մեկում ԱրմԻնֆո-ի աղբյուրի համաձայն, որպես «կիլոմետրաժային» խարդախության գլխավոր շահառու հանդես են գալիս պետական պաշտոնյաները: «Մեր, և ոչ միայն գերատեսչությունում նման իրավիճակ է դիտվում տարիներ շարունակ: Սակայն այսօրվա պայմաններում, երբ մեր զինվորն առաջնագծում զրկված է անձնական հիգիենայի ամենատարրական միջոցներից և իրեն հասանելիք պարենավորումից, լռելն արդեն անհնար է թվում», - նշել է աղբյուրը, ով, հասկանալի պատճառներով, չի ցանկացել հրապարակել իր անունը:
Նման պարզունակ սխեմայի միջոցով պաշտոնյաներն ու գեներալները պետբյուջեից իրենց վրա հսկաայական գումարներ են դուրս գրում բենզինի դիմաց, որը երբեք չի օգտագործվել, ինչպես նաև տեխսպասարկման դիմաց, որը երբեք և ոչ ոք չի անցկացրել: Որոշ բարձրաստիճան պաշտոնյաների խարդախության եզրափակիչ ակտը, գործնականում, նոր, սակայն, իբր, մի քանի հարյուր հազար կիլոմետր վազքով ավտոմեքենայի «բաց» աճուրդով վաճառքն է որևէ հարազատի կամ դրածո անձի` մի երկու հազար դոլարի դիմաց: Ինչից հետո գերատեսչությունը բյուջեի փողերով նոր ավտոմեքենա է գնում, և սխեման նորից կրկնվում է:
ԱրմԻնֆո-ի տեղեկություննեի համաձայն, որոշ նախարարություններ պարբերաբար վազքն «առաջ տալու» են ուղարկում ծառայողական ավտոմեքենաները, երբեմն` ամբողջ խմբաքանակներով: Ինչից հետո հայրենական ծրագրավորման հանճարների մեկ րոպե ձեռնածության ընթացքում ավտոմեքենայի վազքն ավելանում է մինչև 50000 կմ:
Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտոնյաները նույնպես աշխատում են համանման սխեմայով, սակայն վերջիններիս ախորժակները փոքր-ինչ համեստ են: Մի քանի հարյուր հազար դոլար արժողությամբ «մարտական» ծառայողական ավտոմեքենաների վազքը միանգամից ավելանում է ընդամենը 5, 10, 15 հազար կմ, ընդ որում, երբեմն` ամիսը երկու անգամ:
Նշենք, որ Երևանում մեքենայի տիրոջ պահանջով ճանապարհաչափի հաշվիչի տվյալներն «առաջ» կամ «հետ տալ» կարող են շատ հմուտներ: Եվ դա արվում է բացառապես և խստագույն «ծանոթությամբ», հաշվի առնելով, որ այդ գործունեությունն անօրինական է և շատ երկրում պատժվում է ազատազրկմամբ:
Հաշվի առնելով, որ հազարավոր կիլոմետրեր «թափով պտտեցնելը», հասկանալի պատճառներով, ոչ մի տեղ չի գրանցվում, նման էկզեկուցիայի ենթարկվող ծառայողական մեքենաների ստույգ թիվը հնարավոր չէ իմանալ: Ավելացնենք միայն, որ Հայաստանում կա 1072 ծառայողական մեքենա, ուստի պաշտոնյաների նման խարդախությունից տարեկան վնասը հասնում է մի քանի միլիարդ դրամի: