


Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ցավակցություն է հայտնել ավտոբուսի պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին ու մերձավորներին:
«Արագ ապաքինում ենք մաղթում վիրավորներին: Մենք պատրաստ ենք օգնության ձեռք մեկնել Հայաստանի իկշխանություններին` միջադեպի հետաքննության գործում: Նաև դրական ենք գնահատում Հայաստանի ոստիկանության կողմից ձեռնարկվող կշռադատված և պրոֆեսիոնալ հետաքննությունը», - ասվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության հայտարրաությունում:
Ապրիլի 25-ին Երևանի Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում 63 համարի երթուղու «Բոգդան» մակնիշի ավտոբուսի պայթյունի հետևանքով ուղևորներից 2-ը մահացել են, 6 տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Ինչպես նշվում է ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրությունում, պայթյունի պահին ավտոբուսում եղել է 9 ուղևոր և վարորդը: Ներկայումս պարզվել է 6 տուժածների ինքնությունը՝ 1963 թ. ծնված Հասմիկ Սուրենի Մելքոնյան, 1979 թ. ծնված Անուշ Արշալույսի Եղիկյան, 1971 թ. ծնված Հարություն Նազարի Թերզյան, 2002 թ. ծնված Էդգար Արայիկի Գասպարյան, 2001 թ. ծնված Անահիտ Սարգսի Միքայելյան, 2001 թ. ծնված Ռոլանդ Սուրիկի Խոջայան:
Ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելը, եթե այդ արարքներն անզգուշությամբ առաջացրել են երկու կամ ավելի անձանց մահ): Գործը գտնվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության վարչության վարույթում:


