
Երևանում ավտոբուսի պայթյունի պահից անցել է արդեն 12 ժամ, սակայն իրավապահ մրամիններն այդպես էլ հանդես չեն եկել պայթյունի պատճառների վերաբերյալ հայտարարությամբ, չեն ներկայացրել կատարվածի պատճառների պաշտոնական վարկածը: Այդ մասին ապրիլի 26-ին խորհրդարանում հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Ես կցանկանայի պետական կառույցների ուշադրությունը սևեռել պաշտոնական տեղեկատվության հավաստիության մակարդակի խնդրին: Այսօր մարդիկ առավելապես տեղեկատվություն են ստանում սոցիալական ցանցերից, որը 4 ժամ անց պաշտոնապես հաստատվում է: Դա վերաբերում է նաև ռազմական իրավիճակին: Այդ առնչությամբ ես կցանկանայի մտահոգությունս հայտնել», - հայտարարել է Փաշինյանը:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ արտակարգ պատահարին առաջինն արձագանքեց ռուսական մամուլը, որը, վկայակոչելով իր «հավաստի աղբյուրները», ավտոբուսի պայթյունը որակել է ահաբեկչական ակտ: Մինչդեռ ուժային կառույցների ներկայացուցիչներից առայժմ ոչ մի տեղեկություն չկա, վրդովվել է պատգամավորը:
Ի պատասխան` փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, վկայակոչելով Հայաստանի քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի հետ հեռախոսազրույցը, հաղորդել է, որ պաշտոնական վարկածը կհրապարակվի մինչև խորհրդարանի առաջին նիստի ավարտը (13:30 – խմբ): Փոխխոսնակը հիշեցրել է, որ գիշերն իրավապահ մարմինների ներկայացուցիչները, այդ թվում` գլխավոր դատախազը, եղել են դեպքի վայրում` ուղիղ տեղեկատվություն տրամադրելով կատարվածի մասին: «Աշխատանքները դեռ շարունակվում են: Դա չափազանց նուրբ հարց է: Ես զրուցել եմ նաև ուժային կառույցների ներկայացուցիչների հետ, երբ հստակություն լինի, մենք ձեզ ամեն ինչ կհաղորդենք», - հայտարարել է Շարմազանովը:
Ապրիլի 25-ին Երևանի Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում 63 համարի երթուղու «Բոգդան» մակնիշի ավտոբուսի պայթյունի հետևանքով ուղևորներից 2-ը մահացել են, 6 տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Պայթյունի պահին ավտոբուսում եղել է 9 ուղևոր և վարորդը: Ներկայումս պարզվել է 6 տուժածների ինքնությունը՝ 1963 թ. ծնված Հասմիկ Սուրենի Մելքոնյան, 1979 թ. ծնված Անուշ Արշալույսի Եղիկյան, 1971 թ. ծնված Հարություն Նազարի Թերզյան, 2002 թ. ծնված Էդգար Արայիկի Գասպարյան, 2001 թ. ծնված Անահիտ Սարգսի Միքայելյան, 2001 թ. ծնված Ռոլանդ Սուրիկի Խոջայան:
Ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելը, եթե այդ արարքներն անզգուշությամբ առաջացրել են երկու կամ ավելի անձանց մահ): Գործը գտնվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության վարչության վարույթում: