

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը համոզված է. Ռուսաստանը չպետք է զենք վաճառի Ադրբեջանին:
ՙԵթե մի երկիր ցանկանում է ընկեր լինել մեկ այլ պետության, ապա չպետք է զենք վաճառի այդ պետության թշնամուն, բայց այժմ հենց դա է անում Ռուսաստանը: Թե՛ Հայաստանում, թե՛ Լեռնային Ղարաբաղում ինձ ասում են, որ Ռուսաստանը հայտարարում է, որ իրենց կողքին է, որ իրենց դաշնակիցն է, սակայն հայ զինվորները և խաղաղ բնակիչները զոհվում են հենց Ադրբեջանի կողմից ռուսական զենքից արձակած գնդակից: Բոլորս գիտենք, որ Ռուսաստանը հնարավոր ամեն բան անում է՝ ևս մի քանի անդամ Եվրասիական տնտեսական միությունում ներգրավելու համար, և Ադրբեջանն այդ ցանկալի երկրներից է՚,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Էնգելը՝ խոսելով Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին:
Միաժամանակ անդրադառնալով ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային՝ Էնգելն ընդգծել է, որ այլևս ոչ ոք չպետք է կասկածի Ադրբեջանի ագրեսիայի հարցում: Պատգամավորը մատնանշել է, որ ադրբեջանական ագրեսիայի զոհ են դարձել տարեց մարդիկ, որոնց ականջները կտրել են: ՙԱդրբեջանական ագրեսիայի ևս մեկ ապացույց է հայ զինվորների գլխատումը: Այս օրերին մենք հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Մենք պետք է հասկանանք, որ կարող է ևս մեկ ցեղասպանություն տեղի ունենալ՚,- հայտարարել է Էնգելը: Ըստ որում, նա նշել է, որ այդ ամենը կարելի է կանխել Լեռնային Ղարաբաղը ճանաչելու օգնությամբ:
Միաժամանակ նա ցավով փաստել է, որ Եվրոպան նույնպես երկակի չափանիշներ է կիրառում: Նա տարակուսանք է հայտնել այն առնչությամբ, որ որոշ պետություններ կարող են և իրավունք ունեն ճանաչված լինել, իսկ մյուսները՝ ոչ:



