
Ապրիլի 2-ի գիշերը Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի արդյունքում անդամահատված և գլխատված զինվորների ընտանիքների անունից իրավաբան-իրավապաշտպանական խումբը հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ):
Խմբի անդամ Արտակ Զեյնալյանի ասելով, ապրիլի 9-ին եւ 15-ին Դատարանը գրանցել է գանգատները եւ սեփական նախաձեռնությամբ գանգատներին տվել է անանունություն: Այդ առնչությամբ դիմողները եւ նրանց ներկայացուցիչները չեն կարող ապահովել հանրության համար տեղեկատվության լիարժեք հասանելիությունը: Կանոնակարգի ամեն մի նման խախտում դատարանը կարող է դիտարկել իրավունքների չարաշահում, ինչը կարող է հանգեցնել դիմումների քննության դադարեցման: Այդ համատեքստում իրավաբան-իրավապաշտպանների խմբի անդամները խնդրում են զոհերի ընտանիքների անդամներին եւ նրանց ներկայացուցիչներին չանհանգստացնել, ինչպես նաեւ ձեռնպահ մնալ ոչ հավաստի և չստուգված տեղեկատվության հրապարակումից:
Հիշեցնենք, որ ապրիլի 1-4-ը ադրեջանական կողմի ագրեսիայի ընթացքում արձանագրվել են խաղաղ բնակիչների իրավունքների բազմաթիվ խախտումներ: Բացի այդ, ադրբեջանցի զինծառայողները վայրագաբար սպանել են Խալափյանների ընտանիքի երեք անդամների և կտրել նրանց ականջները: Սոցիալական ցանցերում հայտնվել են ադրբեջանցի զինծառայողների նկատներ` գլխատված հայ զինծառայողի գլուխը ձեռքներին: Բացի այդ, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղին հանձնված 18 հայ զինծառաողների դիակները խոշտանգված են եղել: Ագրեսիայի հետևանքով զոհվել է նաև 12 ամյա հայ երեխա, երկուսը` վիրավորում են ստացել: ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովն ավելի վաղ հանդես էր եկել հայտարարությամբ, որում փաստել էր, որ վերը նշված գործողությունները հակամարդկայնության աղաղակող դրսևորում են և հակասում են պատերազմի վարման օրենքներին, կոպտորեն խախտում են միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ նորմեր: