Վստահության և միջադեպերի հետաքննության մեխանիզմների մշակումն ու կիրառումը Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացի հիմնական շեշտադրումներն են, հայտարարել է Ֆրանսիայի եվրոպական գործերի պետքարտուղար Առլեմ Դեզիրը` ապրիլի 25-ին Մեծ եղեռնի հուշահամալիր այցի ժամանակ:
«Ես Հայաստան եմ ժամանել խաղաղության, արդարության և հաշտության հատուկ ուղերձով: Ղարաբաղյան հակամարտության գոտում բռնության ակտերի կրկնումը բացառելու համար բանակցությունները պետք է շարունակվեն: Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր, կոչ է անում չդիմել ուժի կիրառման և վերադառնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը նպատակաուղղված բանակցությունների սեղանի շուրջ», - հայտարարել է նա:
Դիվանագետը նաև կոչ է արել համախմբել կողմերի և համանախագահող երկրների ջանքերը` ապագայում բռնության ակտերի կանխարգելման և տարածաշրջանում կայուն խաղաղության պահպանման համար: Հենց այդ նպատակով, ինչպես հայտարարել է Ֆրանսիայի պետքարտուղարը, անհրաժեշտ է մշակել միջադեպերի նկատմամբ վերահսկողության մեխանիզմների ապահովման և վստահության մթնոլորտի ստեղծման միջոցներ:
Դեզիրը համոզված է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով` միջազգային իրավունքի շրջանակում: Նրա ասելով, անհրաժեշտ է հասնել ցանկացած մարտական գործողության բացառման և հրադադարի ռեժիմի պահպանման, որպեսզի կողմերը կարողանան նստել բանակցությունների սեղանի շուրջ:
«Պատերազմը շատ ցավ է պատճառել հակամարտող կողմերին, քանի որ չի եղել ամիս, որ զոհեր չլինեն զինծառայողների և խաղաղ բնակիչների շրջանում: Ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկբունք, պետությունների տարածքային ամբողջականության սկզբունք և ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունք` ահա հիմնական ուղերձը, որով ես այսօր ժամանել եմ Հայաստան և որով կմեկնեմ Բաքու», - հաղորդել է Դեզիրը:
Ֆրանսիայի եվրոպական գործերի պետքարտուղար Առլեմ Դեզիրը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել ապրիլի 25-ին: Այցի շրջանակում նա կհանդիպի նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Երևան այցի նախօրեին Դեզիրը Փարիզում մասնակցել է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի միջոցառմանը: