


Պաշտոնական Երևանը հերքում է լուրերը, թե Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Երևան էր եկել՝ ղարաբաղյան հակամարտության առնչությամբ առաջարկների փաթեթով:
Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ իր ռուս գործընկերոջ հետ բանակցությունների մասին ներկայացվել է համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, և որևէ գաղտնիք չկա:
ՙՙՂարաբաղյան հակամարտության վերաբերյալ Լավրովի փաթեթ՚, ինչպես շրջանառվում է լրատվամիջոցներում, չկա, ՌԴ ԱԳՆ ղեկավարն իր հետ որևէ առաջարկ Երևան չի բերել: Նա նույնպես այդ մասին հայտարարել է: Լավրովն անձամբ հայտարարել է, որ այժմ անհրաժեշտ է աշխատել միջադեպերի հետաքննման մեխանիզմների ներդրման, տարածաշրջանում անվտանգության և վստահության միջոցների ամրապնդման ուղղությամբ՝ բանակցային գործընթացի շարունակման համար ավելի նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով՚,- հայտարարել է Նալբանդյանը:
Միաժամանակ նա ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացին լուրջ վնաս է հասցվել: ՙԱդրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով բանակցային գործընթացին հասցված վնասից հետո անհրաժեշտ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և միջազգային հանրության հետ համատեղ ջանք գործադրել՝ բանակցություններին հասցված վնասը հաղթահարելու նպատակով: Չնայած դա շատ դժվար է, քանի որ կան զոհեր: Եվ այսօր միջազգային հանրությունն զբաղված է Ադրբեջանին կարգի հրավիրելով և կառուցողական դաշտ բերելով, որպեսզի հնարավոր դառնա բանակցային գործընթացի շարունակումը, քանի որ այն այլընտրանք չունի՚,- ասել է Նալբանդյանը:


