
Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեն իր հարգանքի տուրքն է մատուցում եւ դատապարտում է հայ ժողովրդի ցեղասպանությունը՝ 2016թ. ապրիլի 24-ին դրա իրականացման տարելիցի 101-ամյակի նախաշեմին: Այդ մասին ասվում է ԱլԳ ՔՀՖ՝ ԱրմԻնֆո ստացված հայտարարության մեջ:
ՙՕսմանյան կայսրության կառավարության իրականացրած Հայոց ցեղասպանությունը հանգեցրեց ոչ միայն 1,5 միլիոն մարդկային զոհերի և ավելի քան կես միլիոն մարդկանց տեղահանության, այլև հայկական ժառանգության, կենսաձևի և արևմտյան մշակույթում նրա ներդրած հսկայական ավանդի ոչնչացման: Ցեղասպանության ենթարկվեցին նաև Պոնտոսի հույները, ասորիները և եզդիները:
Չդատապարտելով 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և չպատժելով դրա կազմակերպիչներին և իրականացնողներին՝ մարդկությունը հետագայում բախվեց ցեղասպանությունների պրակտիկայի շարունակությանը «Հոլոդոմորիե ժամանակ և այլուր:
Մի շարք, այդ թվում եվրոպական, երկրներ միացել են Հայոց ցեղասպանության ճանաչմանը և դատապարտմանը: Անցած տարի Հռոմի պապ Ֆրանցիսկոսը բնորոշեց այն որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն և դարի երեք ծանրագույն հանցագործություններից մեկը: Մեկ անգամ չէ, որ Եվրոպական խորհրդարանը միաձայն ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը:
Թուրքիան Եվրոպայի խորհրդի անդամ պետություն է և ըստ այդմ պետք է լիարժեքորեն կատարի դրանից բխող բոլոր պարտավորությունները: Սա հաշվի առնելով՝ Ղեկավար կոմիտեն հորդորում է Թուրքիային իր միջազգային պարտավորություններին և իր ձգտած եվրոպական ինքնությանը համապատասխան միջոցներ ձեռնարկել և աշխատել հանուն ճշմարտության միջոցով հաշտեցման:
Մենք նաև կոչ ենք անում Թուրքիայի կառավարությանը հարգել և ամբողջությամբ իրականացնել իր ստանձնած իրավական պարտավորությունները՝ ներառյալ մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ դրույթները, մասնավորապես՝ բարեխղճորեն իրականացնել նախորդ դարում ոչնչացված կամ վնասված հայկական և այլ մշակութային ժառանգությունների համընդգրկուն գույքագրում:
Ղեկավար կոմիտեն հորդորում է Եվրոպական միությանը և նրա Հանձնաժողովին, Խորհրդին և Խորհրդարանին, ինչպես նաև Եվրոպայի Խորհրդին գնահատել Թուրքիայի ստանձնած հանձնառությունների և պարտավորությունների կատարման ընթացքը:
ԱլԳ ՔՀՖ Ղեկավար կոմիտեն հորդորում է նաև Արևելյան գործընկերության երկրներին քննարկել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը՚,- ասված է հայտարարության մեջ:
Հայտարարությանը դեմ է հանդես եկել միայն Ադրբեջանի ազգային համակարգող
Ավազ Հասանովը, իսկ ձեռնպահ՝ Վրաստանի ազգային համակարգող Լաշա Տուգուշին: