

Անհրաժեշտ է կյանքի կոչել շփման գծից դիպուկահարների հեռացման և միջադեպերի հետաքննման մեխանիզմների ներդրման վերաբերյալ ավելի վաղ ներկայացված նախաձեռնությունները: Այդ մասին ապրիլի 23-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Նա ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ կրակոցների սպառնալիքի պայմաններում չի կարող լինել նորմալ բանակցային գործընթաց: Վկայակոչելով ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովին՝ Քոչարյանը տեղեկացրել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները դիմելու են ԵԱՀԿ-ում նախագահող Գերմանիային, որպեսզի մեխանիզմների ներդրում լինի:
ՀՀ փոխարտգործնախարարը հերքել է նաև ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերն այն մասին, որ Լավրովի այցի ընթացքում քննարկվել է հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքները վերադարձնելու հարցը:
Քոչարյանը տեղեկացրել է, որ կան երկու հարթակներ, առաջինը՝ Մադրիդյան փաստաթուղթն է և դրա շուրջ բանակցությունները, որոնք բերեցին Կազանին, որը մերժեց ադրբեջանական կողմը, երկրորդը՝ առաջարկություններն են, որոնք վերաբերում են հակամարտության գոտում կրակի դադարեցմանը և ենթադրում են սահմանային միջադեպերի հետաքննման մեխանիզմների ներդնում: Քոչարյանն ընդգծել է, որ Մինսկի միջնորդների առաջարկած կարգավորման մոդելը ենթադրում է փոխզիջումներ:
ՙՍակայն, Հայաստանը երբեք չի կարող դրան գնալ. դա Ստեփանակերտի տնօրինության տակ է՝լինի դա տարածքների կամ այլ հարց՚,- ասել է Քոչարյանը:



