Ցեղասպանությունը ոչ միայն Հայաստանի, այլև համաշխարհային պատմության մի մասն է, և բոլորը սա պետք է գիտակցեն: Այդ մասին հայտարարել է հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին` ապրիլի 23-ին Երևանում «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ համաժողովում:
«Երբ ես առաջին անգամ կարդացի Դարֆուրի մասին, գիտակցեցի, որ շատերը տառապում են ուշադրության առատությունից, մինչդեռ այդ նույն ուշադրությունը կարող է փրկել բազմաթիվ մարդկանց կյանքեր: Ես որոշեցի մեկնել այնտեղ, որպեսզի մարդկանց ուշադրությունը հրավիրեմ այլ մարդկանց տառապանքի և խնդիրների վրա», - նշել է նա: Քլունին ընդգծել է, որ ՄԱԿ Անվտանգության խորհրդում ելույթ ունենալիս կիրառել է Ցեղասպանություն տերմինը և գիտակցել, թե որքան կարևոր է իրերը կոչել իրենց անուններով: «Նրանք այդ իրադարձություններն անվանում են զանգվածային հանցագործություններ, սակայն անհրաժեշտ է երկար ճանապարհ անցնել, որպեսզի կիրառվի հենց այդ տերմինը, քանի որ այն իրոք սթափեցնում է: Ավելի կարևոր է պայքարը ժխտողականության դեմ, քանի որ այն կարող է հանգեցնել ցեղասպանությունների կրկնման: Չի կարելի լռել, երբ ինչ-որ մեկը փորձում է բնաջնջել ժողովրդին ու մշակույյթը», - նշել է նա:
Քլունին նաև նշել է, որ Գերմանիայի կողմից Հոլոքոստի ճանաչումից հետո միջազգային հանրությունը միաձայն պնդում էր նման հանցագործության կրկնման անթույլատրելիությունը: «Բոլորն ասում էին` «այլևս երբեք», սակայն Կամբոջայում, Բոսնիայում, Ռուանդայում ցեղասպանությունները ցույց տվեցին, որ դա կրկնվում է նորից ու նորից: Համաշխարհային հանրությունն ասում է, որ եթե այդ մասին իմանային, կկանխեին բռնությունը, սակայն մենք ականատես ենք լինում նոր հանցագործությունների և լռում ենք», - հայտարարել է Ջորջ Քլունին:
Այդ համատեքստում դերասանը կարևորել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» համաժողովը` երկու պատճառով: Նախ` այն պատճառով, որ Հայաստանն աշխարհի ուշադրությունը հավիրում է անցյալին և ցույց տալիս, որ Ցեղասպանությունը ոչ միայն իր պատմությունն է, այլև համաշխարհային պատմության մի մասը, երկրորդ, մենք նայում ենք առաջ և կառուցում ապագան: «Ես հպարտ եմ, որ գտնվում եմ այստեղ և կարող եմ իմ ավանդը ներդնել այս գործում», - նշել է նա:
Քլունին ընդսմին հավելել է, որ բարձր է գնահատում այն մարդկանց հերոսությունն ու խիզախությունը, ովքեր վտանգում են իրենց կյանքը` տառապյալներին օգնելու համար: «Հաջողության արժեքն այն է, որպեսզի դրանով կիսվես», - նշել է նա: Դերասանը նաև մեկնաբանել է կինեմատոգրաֆի և ԶԼՄ-ների դերը ցեղասպանությունների կանխարգելման գործում և մարդկային գիտակցության վրա դրանց ազդեցությունը: «Երբ մենք լսում ենք 6 մլն փախստականների մասին, մենք դա ընկալում ենք որպես սովորական թիվ, սակայն երբ մեր ուշադրությունը սևեռվում է բռնության զոհ դարձած երեխայի լուսանկարին, պատկերը փոխվում է: Ամերիկյան հեռուստատեսությունը ոչ մի ուշադրություն չի դարձնում սիրիացի փախստականների խնդիրներին, երբեմն խոսում է միայն ԻԼԻՊ-ի մասին: Փոխարենը` խոսում են ընտրությունների մասին», - ընդգծել է նա, հավելելով, որ ՄԱԿ –ը նույնպես բավականաչափ ուշադրություն չի դարձնում փախստականների խնդիրներին: