
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում կայացել է Հայաստանի ներքին աուդիտորների ինստիտուտի (ՆԱԻ) խորհրդի անդամների հանդիպումը ընկերության ղեկավար և մասնագիտական անձնակազմի հետ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից, ինստիտուտի նախագահ, Կենտրոնական բանկի գլխավոր վերստուգիչ Արա Չալաբյանը և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հայտնել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ Հայաստանի ներքին աուդիտորների ինստիտուտ հասարակական կազմակերպության հետ համագործակցության մասին:
Աղբյուրի համաձայն, Արա Չալաբյանն անդրադարձել է ՆԱԻ Հայաստանի կողմից նախաձեռնած աշխատանքների կարևորությանը՝ Հայաստանում կորպորատիվ կառավարման մշակույթի զարգացման գործում և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության աշխատակիցներին է ներկայացրել ինչպես Կենտրոնական բանկի ներքին աուդիտի ձեռքբերումներն, այնպես էլ Հայաստանում ներքին աուդիտորների ինստիտուտի առաքելությունն ու նախաձեռնությունները որպես կամավորական հիմունքներով գործող հասարակական կազմակերպություն:
«Դժվար է գերագնահատել ներքին աուդիտի կարևորությունը արդյունավետ և թափանցիկ գործարար կառավարում ապահովելու տեսանկյունից: Ներքին աուդիտը, բժշկական լեզվով ասած՝ հնարավոր խնդիրների վաղ կանխարգելման համակարգ է: Այն միտված է վերհանելու տարաբնույթ ռիսկերն ու անհամապատասխանությունը ներքին կանոնակարգերին ու ընթացակարգերին, ինչպես նաև համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Նշվել է նաև, որ 2016 թ. սեպտեմբերի 15-16 Երևանում անցկացվելու է 2-րդ միջազգային կոնֆերանսը, այս տարի՝ «Ինչպես իրականացնել փոփոխություններ» խորագրի ներքո, որտեղ բացման խոսքով հանդես են գալու ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Ներքին աուդիտորների միջազգային ինստիտուտի խորհրդի նախագահ Անգելա Վիցանին և Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը (մանրամասները conf2016.iia.am կայքում):
Նշենք, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով:
«Ներքին աուդիտորների ինստիտուտ» ՀԿ-ն ստեղծվել է 2013 թվականին (): Ներկայումս այն ունի 57 կազմակերպություն և 165 անդամ, որոնց ցանկում գրանցված են ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության 5 աշխատակից: ՆԱԻ հանդիսանում է Ներքին աուդիտորների միջազգային ինստիտուտի անդամ, որն ստեղծվել է ԱՄՆ-ում, և որի կազմում են 105 երկրների նույնատիպ կազմակերպություններ: ԱՊՀ-ում, Հայաստանի բացի, լիարժեք ինստիտուտներ են ստեղծվել Ռուսաստանում և Ուկրաինայում: