Նախորդ տարվա սեպտեմբերին Հայաստանից Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանն ընտանիքի հետ միասին ուղարկվել է երրորդ երկիր։ Այդ մասին հաղորդել են ադրբեջանական ԶԼՄ-ները` վկայակոչելով Դիլյարա Ալիեւայի անվան կանանց իրավունքների պաշտպանության միության նախագահ, իրավապաշտպան Նովելլա Ջաֆարօղլուին: Ինչպես հաղորդել է ԱՊԱ գործակալությունը, Ջաֆարօղլուն, սակայն, չի կարողացել հայտնել, թե որ երկիր է ուղարկվել Մարտիրոսյանների ընտանիքը։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերի 17-ին ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Ադրբեջանը դրական պատասխան է տվել «Ներազգային ազատագրական շարժման» ղեկավար Վահան Մարտիրոսյանի՝ իրեն քաղաքական ապաստարան տրամադրելու խնդրանքին: Մարտիրոսյանն իր ընտանիքի հետ միասին դմել էր ՙՀարավային Կովկասի կանանց կոնգրեսի՚ համանախագահ, Դիլարա Ալիևայի անվան Կանանց իրավունքների պաշտպանութան ընկերակցության նախագահ Նովելա Ջաֆարօղլուին և հայտնել, որ արդեն հոգնել է Հայաստանի պետական մարմինների կողմից իր նկատմամբ ֆիզիկական և բարոյական բռնությունից: ՙՔաղաքական ապաստարան տրամադրելու խնդրանքով Ադրբեջանին դիմած Վահան Հովյաննիսյանն անմարդկային տանջանքների է ենթարկվել Սարգսյանի ռեժիմի կողմից: Նրա ընտանիքի նկատմամբ հանցագործություններ են կատարվել: Նովելա խանումը հայտնել է մեզ այդ մասին, և մենք տեղեկացրել ենք համապատասխան կառույցներին: Քննարկումներից հետո համաձայնություն է տրվել Ադրբեջանում Վահան Մարտիրոսյանի գտնվելուն՚,- հայտնել էր Գուլիևը:
Ավելի վաղ Վահան Մարտիրոսյանը հայտնել էր, որ օգոստոսի 15-ին իրեն և իր կնոջը երեխայի աչքի առջև ծեծի էին ենթարկել ՀՀԿ խմբակցությունից պատգամավոր Մհեր Սեդրակյանի թիկնապահները: Միջադեպի առնչությամբ քրեական գործ էր հարուցվել ՀՀ ՔՕ 118 հոդվածի հատկանիշներով, թեև պատգամավորը հերքում էր իր մեղսակցությունը ծեծին: Միևնույն ժամանակ, Բաքվում Մարտիրոսյանի հայտնվելուց անմիջապես հետո տեղեկատվություն էր հայտնվել այն մասին, թե նրա նկատմամբ խոշոր գումարի յուրացման գործով քննություն է իրականացվում, ընդ որում` մեղադրյալի կարգավիճակով, իսկ սեպտեմբերի 9-ից նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել: