

Հայաստանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Կազանի փաստաթուղթը չի մերժել: Այդ մասին ապրիլի 22-ին ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով այն հարցին, թե Հայաստանը և Ադրբեջանը, իրոք, մերժել են ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Կազանի փաստաթուղթը:
ՙՈրպես այդ բանակցությունների անմիջական մասնակից՝ կարող եմ ասել, որ Հայաստանը Կազանի փաստաթուղթը չի մերժել՚,- ընդգծել է Լավրովը:
ՀՀ ԱԳՆ ղեկավարն իր հերթին նշել է, որ, իրոք, ինչպես նշեց իր ռուս գործընկերը, փաստաթուղթը մերժել է ոչ թե Հայաստանը, այլ՝ Ադրբեջանը:
ՙԱդրբեջանն արեց դա ոչ միայն Կազանում, այլ դրանից առաջ Սոչում, դրանից առաջ՝ Մոսկվայում, այնուհետև՝ Աստրախանում, Սանկտ Պետերբուգում, և այդպես կարող ենք հասնել տասը տարի առաջ՝ մինչև Փարիզյան բանակցությունները՚,- նշել է Նալբանդյանը:
Հիշեցնենք, որ Կազանի փաստաթուղթը բաղկացած է 14 կետից և ենթադրում է Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշում, ինչպես նաև նրա հարակից տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը` Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքով: Մյուս սկզբունքները վերաբերում են երկու կողմերի փախստականների վերադարձին, միջանկյալ կարգավիճակին, որն ապահովում է Լեռնային Ղարաբաղի անվտանգտությունն ու ինքնակառավարումը, ինչպես նաև անվտանգության միջազգային երաշխիքներին` համաձայնագրի կատարումն ապահովելու համար:


