
ՀՀ ՔԿ-ում քրեական գործեր են հարուցվել ժամկետային զինծառայողների մահվան հանգամանքները պարզելու համար:
Առաջին կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ զորամասի «ՈւԱԶե մակնիշի ավտոմեքենայի վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Աղաբեկյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Նախնական տվյալներով՝ 21.04.2016թ.՝ ժամը 14:30-ի սահմաններում, N զորամասի «ՈւԱԶե մակնիշի ավտոմեքենայի ուղևոր, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պ.Եգորյանը, խախտելով զենքի հետ վարվելու կանոնները, ինքնաձիգից կրակոց է արձակել, որի հետևանքով նշված ավտոմեքենայի վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Արտյուշի Աղաբեկյանը կրծքավանդակի աջ կեսի շրջանում ստացել է մահացու հրազենային վիրավորում։ Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ մարդու մահ առաջացնելու դեպքի առթիվ: Պ.Եգորյանը ձերբակալվել է: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:
Քննչական կոմիտեն տեղեկացնում է նաև, որ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ միջոցառումներ՝ պարզելու պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սպարտակ Քալաշյանի մահվան հանգամանքները: Քրեական գործի շրջանակներում մեկ անձ ձերբակալվել է։
Նախնական քննության տվյալներով՝ 21.04.2016թ.՝ ժամը 07:00-ի սահմաններում, N զորամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հ.Բարեյանը խախտելով զենքի հետ վարվելու կանոնները, իրեն ամրակցված ինքնաձիգը մաքրելու ժամանակ կրակոց է արձակել, որի հետևանքով գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սպարտակ Քալաշյանը:
Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ մարդու մահ առաջացնելու դեպքի առթիվ: Հ.Բարեյանը ձերբակալվել է: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: