

Քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից» Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) հայազգի պատգամավոր Գարո Փայլանը հայտարարել է, որ անհրաժեշտ է խորհրդարանական հանձնաժողով ստեղծել ու հետաքննել 1915-ին Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորների սպանությունները։ Նա այդ մասին հայտարարել է ԹԱՄԺ ամբիոնից իր ելույթի ժամանակ:
«Ես խոնարհվում եմ բոլոր այդ մարդկանց հիշատակի առջև, և Թուրքիայի խորհրդարանը միակ վայրն է այդ թեմայի քննարկման համար», - հայտարարել է նա: 1908-1915թթ. սպանվել են Թուրքիայի խորհրդարանի յոթ հայ պատգամավորներ` Գրիգոր Զոհրապը, Պետրոս Հալաջյանը, Նազարեթ Տաղավարյանը, Կարապետ Փաշայանը, Հովհաննես Սերենգյուլյանը, Օնիկ Դերձակյանը, Համբարձում Բոյաջյանը: Ելույթի ընթացքում Փայլանը ցուցադրել է նրանց լուսանկարները:
Նա կոչ է արել գտնել սպանվածների դիակները և հուղարկավորել պատշաճ ձևով: Նա նաև հիշատակել է երիտթուրքերի պարագլուխների անունները, որոնք կազմակերպել էին Մեծ եղեռնը: Փայլանը տարակուսանք է հայտնել այն առնչությամբ, որ Թուրքիայի քաղաղքներում կան փողոցներ, որոնք կրում են այդ ոճրագործների անունները: «Կարո՟ղ եք պատկերացնել, որ Գերմանիայում քայլում եք Հիտլերի անվան փողոցով», - հարց է տվել Փայլանը, համոզմուքն հայտնելով, որ Թուրքիան պարտավոր է ընդունել սեփական պատմությունը:



