


Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը միջանկյալ հրապարակային զեկույց է ներկայացրել ԼՂՀ խաղաղ բնակչության և պաշտպանության բանակի զինվորների նկատմամբ 2016թ. ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի կատարած դաժանությունների մասին:
ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կայքում զետեղված հաղորդման համաձայն, զեկույցում վերլուծված են Ադրբեջանի հայատյաց՝ միջազգային իրավապաշտպան բոլոր պահանջները խախտող քաղաքականությունը, ինչպես նաև դրա սարսափեցնող հետևանքները՝ դաժանությունների կոնկրետ օրինակներով: Զեկույցում քննարկված են Ադրբեջանի կողմից հայկական ծագում ունեցող մարդկանց նկատմամբ ատելության և բռնության դրդելու մասին վկայող՝ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների օբյեկտիվ գնահատականները, ինչպես նաև ներկայացված է ատելության քարոզը զանգվածային լրատվության միջոցներում և սոցիալական ցանցերում: Ընդ որում, առանձին ներկայացված է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնատար, ինչպես նաև հանրային այլ անձանց՝ ատելություն և բռնություն քարոզող հետևողական գործունեությունը: Զեկույցում վեր են հանված մարդու իրավունքների ոլորտի միջազգային չափանիշների, ինչպես նաև միջազգային հումանիտար իրավունքի պահանջների խախտումները: Այդ տեսանկյունից են վերլուծված քաղաքացիական խաղաղ բնակչության, ինչպես նաև ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողների նկատմամբ հարձակումների, անմարդկային վերաբերմունքի դեպքերը:
Զեկույցը ներկայացվելու է մարդու իրավունքների ոլորտի միջազգային կազմակերպություններին, օմբուդսմենական միջազգային և արտերկրյա հաստատություններին:



