

ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական Հանձնաժողով բանավոր ծանուցում է ստացել այն մասին, որ ապրիլի 20-ին, ժամը 15:00-ին Ադրբեջանը պատրաստվում է փոխանցել հայ զինծառայողի մարմինը:
«Ես բանավոր նախնական ծանուցում եմ ստացել Կարմիր խաչի միջազգային կոմիտեից, բայց պաշտոնական նամակ դեռ չի եկել»,-հայտատարել է ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում ԼՂՀ ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով պետական Հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում կատարելով ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական Հանձնաժողովին, Ադրբեջանը որոշել է ապրիլի 20-ին, ժամը 15:00-ին հայկական կողմին փոխանցել ԼՂՀ ՊԲ զինծառայողի մարմինը, որը զոհվել է հակամարտ զորքերի շփման գծում, ապրիլի 2-5-ին, Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքով: Չեզոք մարդասիրական միջնորդը փոխանցման ժամանակ կլինի ԿԽՄԿ-ն:



