Զոհված զինծառայողների ընտանիքներին զինվորական թոշակ կնշանակվի` կերակրողին կորցնելու դեպքում: Մասնավորապես, նպաստ ստանալու իրավունք ունեն զինծառայողների մինչև 18 տարեկան երեխաները, և` մինչև 23 տարեկան, եթե ուսանող են` ցերեկային բաժանմունքում սովորելու պայմանով: Զինծառայողի հաշմանդամ ծնողները կամ կինը նույնպես զինվորական թոշակ ստանալու իրավունք կունենան` կերակողին կորցնելու դեպքում: Զոհված զինծառայողների ընտանիքներին հուղարկավորության ծախսերի համար տրամադրվում է 700 000 դրամ եւ 1,4 մլն դրամ` տապանաքարի ծախսերի համար:
Ինչպես լրագրողներին հաղորդել է Հայաստանի պաշտպանական գերատեսչության իրավաբան Մարտին Մկրտչյանը, ՊՆ 3,7-ական մլն դրամ կհատկացնի ղարաբաղյան հակամարտության գոտում զոհված զինծառայողների ընտանիքներին, որից 2 մլն դրամ` որպես ապահովագրական վճար: ՊՆ իրավաբանի խոսքով` զոհվածների ընտանիքները նաեւ հնարավորություն կունենան անվճար բուժօգնություն ստանալ, ինչպես նաեւ ամսական երեսուն հազար դրամ կենսաթոշակ: Եթե զոհված զինծառայողը սպայական կազմից էր ու ուներ երկու անչափահաս երեխա, նրա ընտանիքը կստանա միջին հաշվով ամսական 180 000 դրամ նպաստ: Ժամկետային զինծառայողների ծնողներն ամսական իննսուն հազար կստանան, եթե թոշակառուներ են: Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի տեղակալ Սմբատ Սաիյանի ասելով, բացի այդ զոհված զինծառայողների ընտանիքները կստանան հետմահու դրամական փոխհատուցում: Ի լրումն զինվորական թոշակի` յուրաքանչյուր երեխային կնշանակվի 16 հազարական դրամ, իսկ ընտանիքի մյուս անդամները կստանան 13 հազար դրամի դրամական օգնություն:
Նա նաև տեղեկացրել է, որ մարտական գործողությունների արդյունքում հաշմանդամություն ստացած զինծառայողները նույնպես թոշակ կստանան: Սպաները կստանան, միջին հաշվով, 50 հարազ դրամ, զինվորները` 18-38 հազար դրամ: Առաջին խմբի հաշմանդամ սպային կնշանակվի 110 հազար դրամ թոշակ` գումարած պարգևատրում: Զինվորը կստանա շուրջ 90 հազար դրամ, նշել է Սմբատ Սաիյանը:-