
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին՝ դրսևորել քաղաքական կամք և կատարել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ Եվրախորհրդի հանդեպ պարտավորությունները:
Նա նշել է, որ ապրիլի սկզբին իրավիճակը Ղարաբաղում կրկին սրվեց, ինչը հանգեցրեց մարդկային զոհերի, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Ըստ որում, Ագրամունտը հայտարարել է, որ համաշխարհային հանրության ջանքերի շնորհիվ հաստատվել է հրադադարի անկայուն ռեժիմ: ՙՎստահ եմ, որ կողմերը հնարավոր ամեն բան կանեն, որպեսզի վերջ դրվի ագրեսիային և հաստատվի խաղաղություն: Ավելի վաղ ես կոչ եմ արել հարգել 47 պետությունների տարածքային ամբողջականությունը և միշտ կոչ եմ անում հարգել միջազգային իրավունքի նորմերը՚,- հայտարարել է ԵԽԽՎ նախագահը:
Ագրամունտն ավելացրել է նաև, որ ԵԽԽՎ-ն հակամարտության կարգավորման միջազգային մանդատ չունի, սակայն խորհրդարանական դիվանագիտությունը կարող է աջակցել այդ գործընթացին: ՙԱյդ հարցի շուրջ մենք չենք կարող երկխոսություն վարել, սակայն կարող ենք աջակցել դրան: Հակամարտության կարգավորման լավագույն միջոցը բանակցություններն են, և մենք ուշադրության կենտրոնում կպահենք այդ հարցը՚,- նշել է նա:
Նշենք, որ ապրիլի 18-ին ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ընթացքում հայկական պատվիրակության անդամները հանդես են եկել Ագրամունտի հասցեին խիստ քննադատությամբ՝ ղարաբաղյան խնդրի վերաբերյալ նրա միակողմանի հայտարարությունների հետ կապված, որոնցում նա Հելսինկյան երեք սկզբունքներից /տարածքային ամբողջականություն, ժողովուրդների ինքնորոշման իրավունք, ուժի չգործադրում/ աջակցում է միայն տարածքային ամբողջականության սկզբունքին՝ ի հաճույս Բաքվի: Մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին էսկալացիայի հետ կապված՝ ԵԽԽՎ նախագահը կոչ էր արել ՙդուրս բերել հայկական զինված ուժերն օկուպացված ադրբեջանական տարածքներից՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի համաձայն՚: