
Ռուսական սպառազինությունների շարունակվող մատակարարումներն Ադրբեջանին բավականին ցավոտ հարց է և փորձաքարերից ու թյուրըմբռնումներից մեկը հայ-ռուսական հարաբերություններում, այդ թվում` Հայաստանի հասարակայնության շրջանում: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Կովկասագետների գիտական միության նախագահ Ալեքսանդր Կռիլովը:
Վերջին տարիներին Ադրբեջանը Ռուսաստանից գնել է 4-5 մլրդ դոլարի, առավելապես, հարձակվողական սպառազինություն` դրանով իսկ որոշակի առավելություն ստեղծելով ժամանակակից սպառազինությունների որոշ տեսակների գծով:
«Հայաստանում բավականին էմոցիոնալ են ընկալվում ռուսական սպառազինությունների մատակարարումներն Ադրբեջան` միանգամայն հասկանալի պատճառներով: Ընդ որում` դա բավականին բարդ թեմա է, բնավ` ոչ միանշանակ: Անշուշտ, Ռուսաստանը, սպառազինություն վաճառելով, ձգտում է պահպանել հաշվեկշիռը հակամարտող կողմերի միջև: Պետք չէ մոռանալ, որ Ադրբեջանին զենքը վաճառվում է, մինչդեռ Հայաստանին տրամադրվում է արտոնյալ պայմաններով», - նշել է նա:
Քաղաքագետը նշում է, որ Ռուսաստանին ադրբեջանական միլիարդավոր դոլարներից զրկելը, անխուսափելիորեն, կավարտվի այն բանով, որ այդ միլիարդները կգնան Իսրայել կամ այլ երկիր, որը համանման սպառազինություն է արտադրում: Որպես արդյունք` Մոսկվան ստիպված կլինի որոնել կորսված միլիարդները` կողմերի միջև նույն այդ հաշվեկշիռը պահպանելու նպատակով:
«Բնական է, որ այդ ցավոտ թեման չի սահմանափակվում միլիարդների և վաճառված սպառազինության հաշվարկմամբ: Բնական է նաև, որ այդ թեման չափազանց բացասաբար է ընկալվում հայ հասարաակության շրջանում, հատկապես` վերջին ժամանակներս: Եվ այդ տեսանկյունից` Ռուսաստանի փոխվարչապետ Դմիրտրի Ռոգոզինի վերջին հայտարարությունն, առնվազն, տեղին չէր», - համոզված է Կռիլովը:
Ստոկհոլմի Խաղաղության խնդիրների ուսումնասիրման միջազգային ինստիտուտի` SIPRI-ի զեկույցի տվյալներ համաձայն, միայն 2010-2014թթ. Ադրբեջան նորմուծված զենքի ծավալը 2005-2009թթ. համեմատ ավելացել է 249%-ով: Միայն 2015 թվականին Բաքուն բյուջեի բոլոր հատկացումների 18%-ը` մինչև 5 մլրդ դոլար, հատկացրել է ռազմական հոդվածներին: Ընդ որում, Ադրբեջանը սպառազինությունների 85%-ը շարունակում է ներկրել Ռուսաստանից:
Ընդ որում Մոսկվան, անշուշտ, արտոնյալ գներով սպառազինություն է մատակարարել նաև Հայաստան: Մատակարարումների քանակը երբեք չի հրապարակվել, սակայն դրանք եղել են, հիմնականում, ոչ թե ժամանակակից սպառազինություններ, այլ` ռուսական պահեստներում փոշոտված տեխնիկա: