
Հայաստանի իշխանությունները չեն շտապում հետևություններ անել օտարերկրյա քննադատության հիման վրա, ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտարարել է ՀԱԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` մեկնաբանելով 2015 թվականին մարդու իրավունքների վերաբերյալ ԱՄՆ Պետդեպարտամենտի տարեկան զեկույցի արդյունքները: Նրա ասելով, ինքը բազմիսց ականատես է եղել ընտրական իրավունքի խախտումների և ընտրությունների ընթացքում վարչական ռեսուրսի կիրառման: «Այն խախտումները, որոնց ես բազմիցս ականատես եմ եղել, սկսած քվեաթերթիկների լցոնումից և վերջացրած փաստաթղթերի ու ձայների թվի կեղծմամբ, ավելի բնորոշ են, քան որևէ մեկը կարող է ներկայացնել իր զեկույցում», - հայտարարել է նա: Միևնույն ժամանակ Մանուկյանը չի կարծում, թե նման զեկույցները կարող են թեկուզ ինչ-որ կերպ ազդել իշխանությունների քաղաքական վարքագծի վրա: Երեկվա հանդիպման արդյուքնում, որը, ինչպես նշել է ՀԱԿ քարտուղարը, անցել է միանգամայն անհաջող, (Ընտրական օրենսգրքի քննարկումը` 4+4+4 ձևաչափով), Մանուկյանը նշել է, որ Հայաստանի իշխանությունները չեն շտապում հետևություններ անել օտարերկրյա քննադատության հիման վրա: «Հակառակ դեպքում, նրանք արդեն պետք է արձագանքած լինեին նման լուրջ քննադատությանը», - եզրափակել է Արամ Մանուկյանը:
Հիշեցնենք, որ 2015 թվականի մարդու իրավունքների վերաբերյալ ԱՄՆ Պետդեպարտամենտի ամենամյա զեկույցում, մասնավորապես, նշվում է, որ ՀՀ իշխանությունները պետական ռեսուրսն օգտագործում են իշխող ՀՀԿ կուսակցությանն աջակցելու համար: ՙՄյուս խնդիրների թվում են՝ ֆավորիտիզմի նպատակով տնտեսական և քաղաքական լծակների օգտագործումը, իրավապահ և դատական համակարգերում կոռուպցիան, դատարանների մասնակի անկախությունը: Դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ժամանակ տեղական և միջազգային դիտորդները, քաղաքացիական հասարակության անդամները և լրագրողներն արձանագրել են բազմաթիվ խախտումներ, այդ թվում՝ բազմակի քվերակություն, քվեաթերթիկների լցոնում, իշխանության ներկայացուցիչների կողմից ընտրատեղամասային հանձնաժողովների անդամների և դիտորդների ահաբեկում՚,- նշվում է Պետդեպարտամենտի զեկույցում: Ընդ որում, զեկույցը կազմած փորձագետները մատնանշել են բանակում կասկածելի մահվան փաստերը, նշելով, որ զինվորների նկատմամբ վատ վերաբերմունքը շարունակում է անպատիժ մնալ: ՙՏեղեկություններ կան ոստիկանությունում ցուցմունք կորզելու, բանտարկյալների սանիտարական և բժշկական վատ պայմանների մասին: Ավելին. ԶԼՄ-ներոմ զգացվում է բազմակարծության պակաս: Լրատվամիջոցների մեծ մասն արտահայտում է կառավարության կարծիքները, պահպանվում է ԶԼՄ-ների նկատմամբ գրաքննությունը՚,- նշվում է զեկույցում: Պետդեպարտամենտն անդրադարձել է նաև 2008 թվականի մարտի 1-ի դեպքերին, ընդգծելով, որ 10 մարդու մահվան համար մեղավորներն այդպես էլ պատասխանատվության չեն ենթարկվել: