


Ապրիլի 16-ին Պեկինում` Շանհայի համագործակցության կազմակերպության կենտրոնակայանում, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և ՇՀԿ գլխավոր քարտուղար Ռաշիդ Ալիմովը ստորագրել են հուշագիր, որով Հայաստանը երկխոսության գործընկերոջ կարգավիճակ ստացավ Շանհայի համագործակցության կազմակերպությունում։
Ինչպես նշվում է Հայաստանի ԱԳՆ Մամուլի ծառայության հաղորդագրությունում, ելույթ ունենալով ստորագրման արարողությանը, Էդվարդ Նալբանդյանն ընդգծելէ Հայաստանի և ՇՀԿ միջև համագործակցության կարևորությունը, նշելով, որ Հայաստանը կազմակերպությունը դիտարկում է որպես երկխոսության ծավալման կաևոր հարթակ:
Արժևորելով ստորագրված փաստաթուղթը` Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ այն սահմանում է համագործակցության այնպիսի կարևոր ուղղություններ, ինչպիսիք են տարածաշրջանային անվտանգության և կայունության խթանումը, միասնական ջանքերը ահաբեկչության, ծայրահեղականության, թմրաբիզնեսի, անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում։ Նախարարը հավելել է, որ հուշագիրը իրավական հիմքեր է ձևավորում Հայաստանի և ՇՀԿ անդամ երկրների միջև առևտրի և ներդրումների, էներգետիկայի և տրանսպորտի, հեռահաղորդակցության ոլորտներում բազմակողմ համագործակցության իրականացման համար:
Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարը, կարևորելով Հայաստանի կողմից կազմակերպության գործընկերոջ կարգավիճակի ստացումը, ընդգծել է, որ ուրախալի է ՇՀԿ ընտանիքում Հայաստանի պես հնագույն պատմություն ունեցող երկրի ընդգրկումը։
Հայաստանի արտգործնախարարն ու ՇՀԿ գլխավոր քարտուղարը համակարծիք են, որ գործընկերային հարաբերությունների հաստատումը նոր հանգրվան կդառնա` Հայաստանի և կառույցի միջև փոխգործակցության զարգացման համար, ինչպես նաև հեռանկարներ կբացի հետագա համագործակցության առավել խորացման համար:
Շանհայի համագործակցության կազմակերպությունը ստեղծվել է 2001թ. և ներառում է վեց պետություն՝ Չինաստան, Ռուսաստան, Ղազախստան, Ղրղըզստան, Տաջիկստան և Ուզբեկստան:



