


Ադրբեջանը ցինիկորեն փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը և խուսափել ռազմական հանցագործությունների համար պատասխանատվությունից: Այդ մասին ասվում է ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի հայտարարությունում, որն առնչվում է ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչի՝ ադրբեջանական մի շարք ԶԼՄ-ներում հրապարակված այն հայտարարությանը, թե Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ ապրիլի 10-ին իրականացված փոխանակման ընթացքում ադրբեջանական կողմին հանձնված ադրբեջանցի զինծառայողների մարմինների վրա իբր հայտնաբերվել են անարգանքի հետքեր:
«Մինչ փոխանակման իրականացումը բոլոր զոհվածների մարմինները հետազոտվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների ներկայությամբ։ Ադրբեջանցի զինծառայողների դիակների վրա չի հայտնաբերվել ու չի արձանագրվել անհարգալից կամ դաժան վերաբերմունքի որևէ հետք։ Զոհվածների մարմինների փոխանակման աշխատանքների իրականացումից հինգ օր անց հնչեցվող անհիմն մեղադրանքներով Ադրբեջանը ցինիկորեն փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը և խուսափել պատասխանատվությունից՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խաղաղ բնակչության ու զինծառայողներ հանդեպ ադրբեջանական բանակի կողմից իրագործված ռազմական հանցագործությունների, այդ թվում և զոհվածների մարմինների նկատմամբ անարգանքի ու դիակապտության բազմաթիվ դեպքերի համար, որոնց մասին ղարաբաղյան կողմը ծանուցել էր ավելի վաղ», - ասվում է ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի հայտարարությունում։



