

ՀՀ կառավարությունն ապրիլի 15-ի նիստում ընդունել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին՚ համաձայնագրի դրույթներն իրականացնելու մասին որոշում:
Ըստ այդմ՝ հանձնարարվել է ՀՀ ֆինանսների նախարարին իրականացնել հսկողություն համաձայնագրով հայկական կողմի ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ: ՀՀ պաշտպանության նախարարին հանձնարարվել է՝ հստակեցնել Հայաստանին մատակարարվող ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի անվանացանկը, ՌԴ համապատասխան մարմինների (այդ թվում՝ ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային ծառայություն և «ՌոսՕբորոնԷքսպորտե ԲԸ) հետ քննարկել և ստորագրել տրամադրվող վարկի շրջանակներում ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման պայմանագրերը՝ արտացոլելով մատակարարումների ծավալները, ժամկետները և գները: ՀՀ կենտրոնական բանկի նախագահին առաջարկվել է համաձայնագրի 7-րդ հոդվածի դրույթների համաձայն՝ մինչև 2016թ. ապրիլի 29-ը Ռուսաստանի Դաշնության «Վնեշէկոնոմբանկե-ի հետ իրականացնել աշխատանքներ վարկի հաշվառման և հաշվարկների վարման տեխնիկական կարգի մասին համաձայնագիր կնքելու ուղղությամբ, վարկի հաշվառման և հաշվարկների վարման տեխնիկական կարգի մասին համաձայնագրի ստորագրման մասին հնգօրյա ժամկետում տեղեկացնել ՀՀ ֆինանսների նախարարությանը և ՀՀ պաշտպանության նախարարությանը:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա հունիսի 26-ին ստորագրված համաձայնագրի համաձայն, ռուսական կողմի տրամադրած 200 միլիոն դոլարի արտոնյալ վարկով Հայաստանը սպառազինություն է ձեռք բերելու Ռուսաստանից: Այս ամսվա սկզբին ղարաբաղյան շփման գծում լայնածավալ մարտական գործողությունների վերսկսումից հետո Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ զրույցում Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է արագացնել սպառազինության մատակարարման վերաբերյալ պայմանագրի կնքումը:



