


ԱՄՆ Պետդեպարտամենտը հերթական անգամ Իլհամ Ալիևին մեղադրել և քննադատել է մարդու իրավունքների զանգվածային խախտումների համար:
Աշխարհում մարդու իրավունքներին առնչվող իրավիճակի վերաբերյալ Պետդեպարտամենտի հերթական տարեկան հաշվետվությունում մատնացույց է արվում այն հանգամանքը, որ ԵԱՀԿ ԺԻՄԻԳ-ը հրաժարվել էր դիտորդական առաքելություն ուղարկել 2015 թվականի նոյեմբերին ադրբեջնաում կայացած խորհրդարանական ընտրություններին հետևելու համար` նկատի առնելով ընտրարշավի դիտարկման նկատմամբ կառավարության սահմանափակումները:
Մարդու իրավունքների բնագավառի գլխավոր խնդիրներից Պետդեպարտամենտը նշում է քաղաքական ազատությունների սահմանափակումը, իշխանության պատվերները կատարող դատական համակարգի առկայությունը, ընտրական իրավունքների խախտումները:
«Իշխանությունները դատարաններն օգտագործում են խաղաղ այլախոհությունը լռեցնելու համար: Սահմանափակում են ազատ և արդար ընտրությունների հիման վրա խաղաղ իշխանափոխության քաղաքացիների իրավունքները: Չեն պատժում այն պաշտոնական անձանց, որոնք մեղսակից են մարդու իրավունքների խախտումներին, և պահպանվում է անպատժելիության մթնոլորտը` որպես նորմ: Պահպանվում է ՆԳՆ և հատուկ ծառայությունների կողմից քաղաքացիների չհիմնավորված ձերբակալությունների փորձը: Այդ կառույցները կալանավորում և ուժ են կիրառում խաղաղ ցուցարարների նկատմամբ», - ասվում է զեկույցում:
Փաստաթղթում նաև նշվում են մամուլի ազատության խախտման դեպքեր, մասնավորապես, դեռ բանտերում են 9 լրագրողներ և բլոգերներ: Ամռանն իշխանությունները խստացրեցին ճնշումները արտասահմանում գտնվող լրագրողների հարազատների նկատմամբ:
Նշվում է, որ ընդդիմադիր և անկախ թերթերը բախվել են հարկային և դատական պատժամիջոցների: Կառավարությունն արգելել է պետական գրադարաններին ընդդիմադիր և անկախ մամուլի բաժանորդագրությունը, իսկ գործարարներին արգելվել է դրանցում գովազդի հրապարակումը: Արդյունքում` ԶԼՄ-ների մեծ մասը, զգուշանալով հետապնդումներից, կիրառում է ինքնագրաքննություն և խուսափում է լուսաբանել ներքաղաքական որոշակիի թեմաներ:



