


ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ապրիլի 15-ին լրագրողների հետ զրույցում հերքել է տեղեկությունները, թե Հայաստանը բողոքի նոտա է հղել Իսրայելին:
ՙՈչ ոք Իսրայելին բողոքի նոտա չի հղել՝ Ադրբեջանին զենք վաճառելու հետ կապված՚,- հայտարարել է փոխարտգործնախարարը՝ ընդգծելով, որ չի պատկերացնում, թե որտեղից է հայտնվել նման տեղեկատվություն: ՙՆման տեղեկատվության տարածումն ինձ համար տարօրինակ է՚,- նշել է Քոչարյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՙՀաարեց՚ թերթը, Եգիպտոսում և Իսրայելում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանն անցած շաբաթվա վերջին բողոքի նոտա է փոխանցել Իսրայելի ԱԳՆ-ին, որում պահանջվում է դադարեցնել Ադրբեջանին սպառազինության մատակարարումները: Ինչպես գրել է թերթը, փաստաթղթում պահանջվում է դադարեցնել սպառազինության մատակարարումներն Ադրբեջանին, որն այնուհետև օգտագործվում է ղարաբաղյան հակամարտությունում: ՙՀաարեցը՚ նշում է, որ Մելքոնյանը չի հայտնել, թե ինչի մասին է զրուցել իսրայելցի դիվանագետների հետ, սակայն չի հերքել թերթի հոդվածում հրապարակված մանրամասները։ Թերթի համաձայն՝ Իսրայելի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից հրաժարվել են մեկնաբանել այդ տեղեկատվությունը, ինչպես նաև կարծիք հայտնել ղարաբաղյան հակամարտության մասին:



