


Մենք ունենք չկիրառած զինատեսակներ, որոնց մասին Ադրբեջանը կարող է միայն երազել, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
ՙԼՂՀ Պաշտպանության բանակը վերջին մարտերի ընթացքում գոյություն ունեցող ռեզերվները չի օգտագործել: Ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զինանոցը մշտապես համալրվում և նորացվում է: Միաժամանակ նոր զինատեսակների ձեռքբերման անհրաժեշտություն կա, և այդ ուղղությամբ ինտենսիվ աշխատանքներ են տարվում՚,- հայտարարել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը:
Խոսելով ապրիլի 2-5-ը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում մարտական գործողությունների մասին՝ Օհանյանը նշել է, որ Պաշտպանության բանակը ՙքառօրյա՚ պատերազմի ընթացքում օգտագործել է միջոցներ, որոնք անհրաժեշտ էին տվյալ իրավիճակում: Նա տեղեկացրել է, որ մարտը մղվել է հենց առաջին շարակազմում, առաջին դիրքի խորությամբ՝ 2, 2.5 կիլոմետր, ընդ որում՝ դասակային խորությունից ավել մարդկային շարժ տեղի չի ունեցել:
ՙՀոյակապ կռվել են մեր տանկիստները, որոնք հակառակորդի բազմաթիվ նորագույն տանկեր են խոցել, գերազանց աշխատանք են իրականացրել մեր հրետանավորները՝ խոցելով հակառակորդի խորքում գտնվող բոլոր շարասյունները: Հակառակարդը մինչև 30 ուղղություններով փորձել է ներթափանցում իրականացնել, սակայն այդ նախաձեռնությունները տապալվել են՚,- հայտարարել է Օհանյանը:
Խոսելով այսօր հակամարտության գոտում տիրող իրավիճակի մասին՝ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում վերահսկելի է:



