

Թուրքիայի կառավարության Եվրամիության հետ կապերի գծով նախարար Վոլքան Բոզքըրը հայտարարել է, որ Թուրքիան մերժում է Եվախորհրդարանի տարեկան զեկույցը, քանի որ դրանում ներառված է Հայոց ցեղասպանության վերաբերյալ դրույթ:
«Դժբախտաբար, այս տարի Թուրքիայի վերաբերյալ Եվրախորհրդարանի տարեկան զեկույցում տեղ է գտել նույն դրույթը, որը, չնայած մեր բոլոր ջանքերին և նախազգուշացումներին, կրկին ներառվել է զեկույցում: Այդ առնչությամբ մենք այդ փաստաթուղթը համարում ենք անվավեր, և մեր մշտական ներկայացուցիչն այն կվերադարձնի Եվրախորհրդարան», - հայտարարել է Բոզքըրը` Ավստրիայում կայացած մամուլի ասուլիսում:
Ապրիլի 14-ին Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նիստում ընդունվել է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացում երկրի առաջընթացի վերաբերյալ զեկույցը, որում Թուրքիային կոչ է արվում անհապաղ բարեփոխումներ իրականացնել մի շարք կարևոր ուղղություններով: Դրանց թվում է Եվրախորհրդարանի Հայոց ցեղասպանության վերաբերյալ դրույթը:
2015 թվականի ապրիլի 15-ին Եվրախորհրդարանի նիստում ընդունվել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին առնչվող բանաձև, որում Թուրքիային կոչ էր արվել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Փաստաթղթում նաև նշվում էր, որ Եվրախորհրդարանը հարգանքի տուրք է մատուցում Ցեղասպանության 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակին և Եվրահանձնաժողովին ու Եվրախորհրդին հորդորում է հետևել իր օրինակին: Բանաձևում նաև Թուրքիային ու Հայաստանի կոչ էր արվում կարգավորել հարաբերությունները առանց նախապայմնանի և հաստատել դիվանագիտական հարաբերություններ, ինչպես նաև նշվում էր հայ-թուրքական սահմանը բացելու անհրաժեշտությունը` տնտեսական ինտեգրման հաշվին երկու երկրների միջև հարաբերությունների բարելավման անհրաժեշտության համատեքստում:



