


Ադրբեջանի հետ Իսրայելի զենքի ամոթալի գործարքները շարունակվում են արդեն 10 տարի, ԱրմԻնֆո-ին հայտարարել է իսրայելցի պատմաբան Յահիր Աուրոնը:
«Կարծում եմ, որ Իսրայելի քաղաքականության այդ գիծը կշարունակվի նաև հետագայում: Ես անձամբ բազմիցս փորձել եմ ազդել իմ երկրի համար նման ամոթալի գործարքների վրա, սակայն, մեծ ափսոսանքվ պետք է նշեմ, որ իմ փորձերը հաջողությամբ չեն պսակվել: Միակ բանը, որ ինձ հաջողվել է, Իսրայելում հոդվածների հրապարակումն է, որոնցում ես իմ անձնական կարծիքն եմ արտահայտել իմ երկրի զենքի քաղաքականության նկատմամբ: Ես եղել եմ Արցախում, ծավալուն հոդված եմ գրել տպավորություններիս վերաբերյալ, այդ հրաշալի երկրի մասին», - հաղորդել է պատմաբանը:
Աուրոնը համոզված է, որ իսրայելցիները պետք է լինեին Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին ազգերի թվում, սակայն, ավաղ, Իսրայելը մինչ օրս այդ փաստը ժխտող երկրների թվում է: Մինչդեռ, ժխտելով այդ անհերքելի փաստը, Իսրայելը, պատմաբանի գնահատմամբ, դավաճանում է Հոլոքոստի զոհերի հիշատակին:
Պատմաբանն ավելի քան համոզված է, որ իր երկրի հասարակայությունը կիսում և հասկանում է հայ ժողովրդի զգացմունքները: Աուրոնը հավատում է, որ մի հրաշալի օր իսրայելցիները, այնուամենայնիվ, կուղղեն սեփական սխալները, և Քնեսետը կճանաչի Հայոց ցեղասպանության փաստը: «Իմ կարծիքով, դա առաջընթաց մեծ քայլ կլինի այդ համամարդկային ողբերգության ճանաչման միջազգային գործընթացում», - ամփոփել է իսրայելցի պատմաբանը:
Ապրիլի 2-5-ը ԼՂՀ պաշտպանության բանակը, հետ մղելով ադրբեջանական ագրեսիան, ոչնչացրել է Իսրայելում արտադրված 6 անօդաչու թռչող սարք: Ուշագրավ է, որ հենց այդ օրերին Բաքուն առաջին անգամ կիրառել է Israel Aerospace Industries արտադրության Harop «մահապարտ» դրոնը, որը պայթել է Հայաստանից կամավորների տեղափոխող ավտոբուսի հետ միասին:
Չստուգված տվյալների համաձայն, ԱԹՍ-ներից բացի, Բաքուն Իսրայելից գնել է մարտավարական ՀՀՊ միջոցներ, «Բարակ-8», ԶՀՀ և SPYDER SR, միջին հեռահարության EXTRA բալիստիկ հրթիռներ:



