Եվրամիությունը բացահայտ հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ստատուս-քվոն չի կարող երկար շարունակվել: Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը:
ՙԵվրամիությունն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին: ՙՄենք պետք է առաջ շարժվենք հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: Այդ մասին ասվել է նաև ԵՄ գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոհերինիի Բաքու այցի ժամանակ՚,- նշել է Մարդը: Ըստ որում, նա նաև ընդգծել է, որ ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի անկախությանը և տարածքային ամբողջականությանը:
Մարդը տեղեկացրել է, որ շուտով տեղի կունենա Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի այցը տարածաշրջան /այցը տեղի կունենա ապրիլի 14-ին-Խմբ./:
ՙԶալբերի ակտիվ գործունեությունը, կարծում եմ, վկայում է այդ հակամարտության նկատմամբ Եվրամիության ուշադրության մասին՚,- նշել է նա:
Միաժամանակ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին ապրիլի 14-ին Երևանում Հայաստանի հասարակական կազմակերպությունների աշխատունակության բարձրացմանն ուղղված սեմինարի շրջանակներում, մասնավորապես, հայտարարել էր, որ ԵՄ-ն ցանկանում է աջակցել Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը, քանի որ, Բրյուսելի կարծիքով, դա դրական կանդրադառնա Հայաստանի և ողջ տարածաշրջանի զարգացման հնարավորությունների վրա: